ԼՂՀ պաշտպանության բանակի հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում 1 տարի առաջ սպանված ժամկետային զինծառայող Կամո Հովհաննիսյանի հարազատները հավատում են այն վարկածին, թե Կամոյի վրա ծառայակից ընկերն է կրակել, որից հետո էլ ինքն էլ ինքնասպանություն գործել:

«Գործով նախաքննությունը շարունակվում է: Ես ինքս Կամոյի ծառայակիցների հետ էլ եմ խոսել, որոնք դեպքի պահին էդ դիրքում են եղել, ասում են, որ տղայիս վրա Թեմուր Սլոյանն է կրակել, որից հետո էլ ինքնասպանություն է գործել: Քննիչներն էլ են ասում, որ առայժմ այդ վարկածն է»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կամոյի հայրը` Արա Հովհաննիսյանը:

Արա Հովհաննիսյանի խոսքով` ինքը երբեք Թեմուր Սլոյանի հարազատների հետ չի հանդիպել, նման ցանկություն էլ չունի: Թե ինչու է Թեմուրն այդ քայլին դիմել, Հովհաննիսյանները չգիտեն, իսկ նախաքննությունն իրականացնող մարմինն էլ հորդորում է սպասել:

Նշենք, որ Թեմուր Սլոյանի հարազատները պնդում են, որ պաշտոնական վարկածը, թե Թեմուրը իրեն ամրակցված գնդացրից կրակել է 19-ամյա զինծառայող Կամո Հովհաննիսյանին  եւ դրանից հետո ինքնասպան եղել, չի համապատասխանում իրականությանը:

Ըստ ՔԿ տարածած հաղորդագրության` նախնական տվյալներով՝ 2016 թվականի փետրվարի 19-ին՝ ժամը 06:50-ի սահմաններում, N զորամասի 3-րդ ջոկի գնդացրորդ, շարքային Թ.Սլոյանը, նույն զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքի դիտակետի մոտ իրեն ամրակցված գնդացրից կրակել է նույն ջոկի հրամանատար, մարտական դիրքի ավագ, կրտսեր սերժանտ Կամո Հովհաննիսյանի դեմքին։  Ստացած վնասվածքից Կ. Հովհաննիսյանը տեղում մահացել է, որից հետո շարքային Սլոյանը ինքն իրեն գլխի շրջանում պատճառել է հրազենային մահացու վիրավորում:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով եւ 110-րդ հոդվածի 1-ին մասով: Կատարվում է քննություն: