2017 թվականի հունվարի 23-ին ժամը 10:40 սահմաններում «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ աշխատակիցները Երեւանի Ամիրյան 11, բնկ. 24 հասցեում տեղակայված կազմակերպության գրասենյակի դուռը գտել են կոտրված եւ բաց վիճակում:

Այս առնչությամբ ՀԿ-ն հայտարարություն է տարածել, որտեղ, մասնավորապես, նշվում է.

«Տեղում գտնվող «Կենտրոն» համատիրության աշխատակիցները տեղեկացրել են, որ 2017 թվականի հունվարի 22-ի լույս 23-ի գիշերը ժամը 00:36-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ կազմակերպության կողմից վարձակալվող 4-րդ հարկի թիվ 24 բնակարանից ջուր է լցվում նույն շքամուտքի 3-րդ հարկի թիվ 22 բնակարան:

Տեղում գտնվող համատիրության աշխատակիցների տեղեկացմամբ՝ ջրի արտահոսքը կանխելու համար թիվ 22 բնակարանի բնակիչների պահանջով: Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները կոտրել են բնակարանի դուռը եւ մուտք գործել գրասենյակ՝ ջրի արտահոսքը դադարեցնելու նպատակով:

Կազմակերպությունը Արտակարգ իրավիճակների նախարարությունից պահանջել է տրամադրել դուռը կոտրելու գործողությունների տեսանյութը, ինչպես նաեւ այլ պարզաբանող հանգամանքներ, սակայն մինչեւ սույն հայտարարության տարածումը՝ 2017 թվականի փետրվարի 9-ը, այդ տեղեկությունները չեն տրամադրվել: Միաժամանակ «Կենտրոն» համատիրության եւ Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից բացատրություն չի տրվել նաեւ այն հարցի վերաբերյալ, թե ինչու այլ միջոցներով, օրինակ, ընդհանուր շենքի ջրամատակարարումը դադարեցնելու տարբերակով չի կանխվել ջրի արտահոսքը:

Կազմակերպությանը ԱԻՆ կողմից տեսանյութի չտրամադրելը հիմք է տալիս կասկածելու հնարավոր ապօրինի գործողությունների մեջ, քանի որ կազմակերպության գրասենյակում գտնվել են աշխատանքային համակարգիչները եւ տեղեկություն ամբողջական բազան:

Տեղեկացնենք նաեւ, որ կազմակերպության նախագահը կամ աշխատակիցները որեւէ զանգ չեն ստացել առանց դուռը կոտրելու ջրի հոսքը դադարեցնելու վերաբերյալ:

Գտնելով, որ ԱԻՆ աշխատակիցների կողմից կազմկաերպության տարածք մուտք գործելը հանդիսանում է ապօրինի գործողություն, կազմակերպությունը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն հանցագործության վերաբերյալ: Կազմակերպությունը տեղեկացնում է, որ հետեւողական շարունակում է տեղի ունեցած միջադեպի հանգամանքների բացահայտման աշխատանքները»: