ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը եւ «Նիդերլանդների առաջատար փորձագետներ» հիմնադրամի` PUM-ի, Հայաստանի կոորդինատոր Ալբերտ Ուաթերինգսը փետրվարի 10-ին ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, ինչը Հայաստանի սննդի շղթայի տնտեսավարողների համար միջազգային փորձն ու գիտելիքները ուսումնասիրելու եւ գործնականում կիրառելու հնարավորությունների լայն դաշտ է ստեղծում:

ՍԱՊԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հուշագրի ստորագրմանը ներկա էր նաեւ ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը՝ Թբիլիսի) Իոս Դաուման:

PUM-ը շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որն, իր ավելի քան 3.000 կամավոր-փորձագետների կարճաժամկետ խորհրդատվական առաքելությունների միջոցով, աջակցում է գործարարությանը զարգացող երկրներում՝ նպաստելով փոքր եւ միջին ձեռնարկությունների զարգացմանը:

ՍԱՊԾ ղեկավարը ներկայացրել է ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված՝ սննդամթերքի անվտանգության ոլորտի առաջնահերթությունները եւ, այդ համատեքստում, կարեւորել տնտեսավարողներին պետական վերահսկողության շրջանակներում նախեւառաջ համապատասխան մասնագիտական գիտելիքներով ու խորհրդատվությամբ ապահովելու անհրաժեշտությունը:

«Այս հուշագրով ամրագրվող համագործակցության հիմնական նպատակն է աջակցել այն տնտեսավարողներին, որոնց մոտ, պետական վերահսկողության իրականացման արդյունքում, հայտնաբերվել են խախտումներ, թերություններ, շեղումներ: Հոլանդացի բարձրակարգ փորձագետների ներգրավումը, նրանց կուտակած երկարատեւ փորձի, գիտելիքների ու հմտությունների օգտագործումը սննդամթերքի անվտանգության ոլորտում ցանկալի արդյունքի հասնելու լրացուցիչ հնարավորություն է»,- ասել է Իշխան Կարապետյանը:

Ծառայության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ մասնագիտական կարողությունները զարգացնելու եւ որակը բարելավելու արդյունքում արտադրված սննդամթերքը ոչ միայն կգոհացնի մեր սպառողներին, այլեւ կդառնա առավել մրցունակ արտաքին շուկայում:

Ուաթերինգսը խոսել է կազմակերպության ծառայություններից օգտվելու ընթացակարգի, ծրագրին դիմող կազմակերպությանը ներկայացվող չափանիշների մասին՝ հավաստիացնելով, որ իրենց կողմից ոչ միայն կբավարարվեն հրավիրվող փորձագետին ներկայացվող պահանջները, այլեւ երաշխավորեց՝ ակնկալվող արդյունքները կլինեն գոհացուցիչ. այդ մասին են վկայում Հայաստանում հաջողությամբ իրականացված 53 գործարար ծրագրերը: Նա նշել է, որ սննդամթերքի անվտանգությունը հանդիսանում է կազմակերպության հիմնական թիրախներից մեկը եւ գոհունակություն հայտնել, որ Հայաստանի կառավարությունն առաջնորդվում է ոչ թե տնտեսավարողներին պատժելու, այլ՝ մասնագիտական աջակցություն ցուցաբերելու  սկզբունքով:

Նկատի ունենալով, որ այս համագործակցության հիմնական թիրախային ուղղությունները լինելու են սննդի եւ խմիչքի արտադրությունը, կաթնամթերքի վերամշակումը, ձկնաբուծությունը, մեղվաբուծությունը, հողագործությունը, կենդանական ծագման արտադրանքը, ջերմոցները եւ այլն՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության ծառայությունը նախօրեին կազմակերպել էր հանդիպում PUM-ի հայաստանյան ներկայացուցիչ Սուրեն Խուդավերդյանի եւ սննդամթերքի արտադրությամբ զբաղվող տնտեսավարողների միջեւ, որի ընթացքում ներկայացվել են մեր երկրում արդեն իսկ արձանագրված դրական արդյունքները, ինչպես նաեւ՝ հուշագրով ամրագրված համագործակցության հեռանկարները: