Մենք պատրաստ ենք աշխատել ՀՀ պետական կառույցների հետ, որոնք կոռուպցիայի դեմ պայքարելու իրական կամք են դրսևորում: Այս մասին, այսօր՝ փետրվարի 10-ին, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը:
Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը ներկա էր նաեւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան գրասենյակի ղեկավար Դեբորա Գրիսերը:
Կողմերը քննարկել են ՀՀ կառավարության հակակոռուպցիոն քաղաքականությանը եւ կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
Վարչապետն անդրադարձել է մինչ օրս ՀՀ կառավարության նախաձեռնած օրենսդրական բարեփոխումներին, ընդունված որոշումներին, Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի շրջանակում կատարված աշխատանքներին, ինչպես նաեւ առաջիկա անելիքներին: Այս համատեքստում Կարեն Կարապետյանը մանրամասներ է ներկայացրել օրենսդրական մի շարք նախագծերի վերաբերյալ, որոնք ուղղված են հակակոռուպցիոն միջոցառումների արդյունավետության բարձրացմանը, գործող մեխանիզմների կատարելագործմանը, նոր ընթացակարգերի ներդրմանը, որոնց արդյունքում՝ բոլոր ոլորտներում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը: «Կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված քայլերը հաջողելու եւ հետեւողականություն ապահովելու գործում մեծապես կարեւորում եմ հասարակության ակտիվ քաղաքացիական դիրքորոշումը, կառավարություն-հասարակություն հետադարձ գործուն կապը եւ գործընկեր կառույցների հետ կառուցողական համագործակցությունը: Ցանկանում եմ եւս մեկ անգամ ընդգծել, որ կառավարությունը բաց է քննարկումների եւ առաջարկությունների համար», - ասել է վարչապետը:
Հայաստանում ԱՄՆ դեսպանը գոհունակություն է հայտնել կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ կառավարության կողմից կատարվող քայլերից եւ ողջունել ՀՀ վարչապետի հրապարակային հայտարարություններն ու գործողություններն այդ առնչությամբ: Ռիչարդ Միլսը նշել է, որ դեռեւս անելիքներ կան, եւ ԱՄՆ-ն պատրաստ է իր ունեցած ռեսուրսներով աջակցել ՀՀ կառավարությանը՝ կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված ջանքերում: «Հայաստանին կոռուպցիայի դեմ պայքարում աջակից լինելու Միացյալ Նահանգների հանձնառության վերաբերյալ կասկած չի կարող լինել: Մենք պատրաստ ենք աշխատել ՀՀ պետական կառույցների հետ, որոնք կոռուպցիայի դեմ պայքարելու իրական կամք են դրսեւորում», - ասել է ԱՄՆ դեսպանը:
Դեսպան Միլսի խնդրանքով վարչապետը ներկայացրել է ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հիման վրա ստեղծվելիք հակակոռուպցիոն անկախ կանխարգելիչ մարմնի գործունեության նպատակին եւ ուղղություններին վերաբերող մանրամասներ: Քննարկվել են նաեւ պաշտոնատար անձանց ապօրինի հարստացման քրեականացմանը, կոռուպցիոն հանցագործությունների քննության որակի բարձրացմանը եւ այլ ուղղություններով մշակված օրենսդրական նախաձեռնություններին առնչվող հարցեր:
Կարեն Կարապետյանը եւ Ռիչարդ Միլսը մտքեր են փոխանակել նաեւ հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության ուղղությունների եւ առաջնահերթությունների շուրջ:




























