Հավանություն ենք տալու տրամաբանական, նոր աշխատատեղեր ստեղծող ծրագրերին ու լավ գաղափարներին: Այս մասին այսօր՝ փետրվարի 10-ին, կառավարությունում ՀՀ Սյունիքի եւ ՀՀ Լոռու մարզերից ներկայացված ներդրումային ծրագրերի փաթեթների քննարկման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ սյունիքի մարզից ստացված ծրագրերը վերաբերում էին գյուղտեխնիկայի մատակարարման բազայի ձեւավորմանը, սառնարանային տնտեսությունների հիմնմանը, օրգանական գյուղմթերքի վերամշակմանը եւ այլն:
Լոռու մարզից ներկայացվել էին հացի արտադրությանը, ֆերմերային տնտեսությունների ստեղծմանը, թղթե տոպրակների արտադրությանը, գյուղմթերքի վերամշակմանը վերաբերող ծրագրեր:
Վարչապետը նշել է, որ շահագրգիռ գերատեսչությունները պետք է ակտիվ համագործակցեն մարզերի գործարարների հետ, որպեսզի կառավարությունում քննարկման ներկայացվեն բոլոր համապատասխան կառույցների կողմից նախապես գնահատված եւ տնտեսապես հաշվարկված ծրագրեր: «Հավանություն ենք տալու տրամաբանական, նոր աշխատատեղեր ստեղծող ծրագրերին ու լավ գաղափարներին»,- ասել է վարչապետը:



























