Փետրվարի 10-ին մեկնարկել է «Թի-Էս-Դի» ընկերության եւ «Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն»  հիմնադրամի (ՓՄՁ ԶԱԿ) համատեղ «Ստարտափների ուսուցման եւ ֆինանսավորման» ծրագիրը: Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի «Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցություն» ծրագրի շրջանակում սա առաջին խումբն է Երեւանում: Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրեն Լեւոն Մնացականյանը նշեց. ««Թի-Էս-Դի» ընկերության հետ համատեղ անցկացվող դասընթացի խումբը յուրահատուկ է, քանի որ կազմակերպությունները ձգտել են հավաքել հնարավոր չափ նորարար գաղափարներով սկսնակների»: Նա հույս հայտնեց, որ դասընթացի ավարտին կվերհանվի առնվազն 15 նորարար բիզնես գաղափար: 

«Թի-Էս-Դի» ընկերության հիմնադիր տնօրեն Վահան Շաքարյանը նշեց, որ ընկերությունը մշտապես խրախուսել է երիտասարդներին` նորարա գաղափարների իրականացման գործում եւ այդ առումով Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի հետ գործընկերությունը կնպաստի նոր գաղափարներ կյանքի կոչելուն: «Դասընթացի ավարտից հետո էլ դուք կարող եք մեզ դիմել, ստանալ խորհրդատվություն, որպեսզի ձեր գաղափարները չմնան միայն գաղափարներ, այլ դառնան իրականություն»:

Նախապես իրականացված հարցազրույցների ընթացքում ընտրված եւ նորարար գաղափարներ ունեցող մասնակիցները հնարավորություն կունենան մասնակցել անվճար բիզնես դասընթացին, ինչպես նաեւ ստանալ տեղեկատվական եւ խորհրդատվական աջակցություն: Վերջում դասընթացի մասնակիցներ ներկայացնելու են իրենց հեղինակած գործարար ծրագրերը: Դասընթացի ավարտին իրատեսական ծրագրերը հնարավորություն կունենան օգտվել ֆինանսական աջակցության գործիքներից` մինչեւ 5 մլն դրամ վարկ, տարեկան տոկոսադրույքը` 10%, վարկային երաշխավորություն Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից: