Տավուշի մարզում իր ազդանշանով անչափահաս համագյուղացու կողմից ավտոմեքենան չկանգնեցնելու պատճառով նրան ծեծելու մեջ մեղադրվող Հրանտը դատապարտվեց 1 տարվա ազատազրկման։ Նման դատավճիռ է կայացրել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ որոշում կայացնելով սահմանված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին։

Դատարանում Հրանտն իրեն մասնակիորեն է մեղավոր ճանաչել և ցուցմունք է տվել, որ տուժողի հետ որեւէ թշնամություն չունի: Նա դատարանում պատմել է, որ 2016թ. սեպտեմբերի 22-ին առավոտյան անձնական գործերով գնացել է Իջեւան՝ քրոջ տուն: Միաժամանակ բանկերում խնդիրներ է ունեցել, բացի դրանից, ոտքը մեխով վնասած է եղել և շատ նյարդայնացած է եղել: Տեղեկանալով, որ այդ օրը Ռուսաստանի Դաշնությունից վերադառնալու է հայրը, ընկերոջը խնդրել է միասին նրա ավտոմեքենայով գնալ և Հովք գյուղի ճանապարհի խաչմերուկում միասին սպասել հորը: Հրանտի պատմելով՝ ժամը 17։00-ի սահմաններում հասել են Հովք գյուղ տանող ճանապարհի խաչմերուկ: Քանի որ ոտքի վնասվածքը շատ է իրեն անհանգստացրել և այլևս չի կարողացել սպասել, ընկերոջը խնդրել է միայնակ սպասել հորը, իսկ ինքը որոշել է պատահական ավտոմեքենա կանգնեցնել և գյուղ բարձրանալ: Այդ ժամանակ ճանապարհով դեպի գյուղ է ընթացել իրեն անծանոթ մի ավտոմեքենա, որի մեջ եղել է նաեւ համագյուղացի Արթուրը: Ինքը կանգնելու ազդանշան է տվել, սակայն վերջինս չի կանգնեցրել ավտոմեքենան՝ նկատելով հանդերձ ավտոմեքենան կանգնեցնելու իր ազդանշանը: Մոտ հիսուն մետր գյուղի ճանապարհով ընթանալով՝ ավտոմեքենան կանգնել է, և Արթուրը։

«Նրա պահվածքից զայրացած՝ կանչել եմ Արթուրին ու հարցրել, թե ինչու չի կանգնել, անտեսել է իմ ազդանշանը։ Արթուրն ինձ արհամարհել է, ոչինչ չի պատասխանել, ես էլ բարկացած խփել եմ մի հատ»,– ցուցմունք է տվել Հրանտը՝ նշելով, որ զղջում է կատարվածի համար։

Անչափահաս Արթուրն էլ դատարանում պատմել է, որ դեպքի օրը գյուղ տանող ճանապարհի խաչմերուկում ոտքով քայլելիս է եղել տուն, տեսել է 5-6 հոգի հավաքված մարդ, ճանաչել է միայն Հրանտին։

«Ես բարեւել եմ ու անցել, դրանից հետո Հրանտն ինձ կանչել է ու հարցրել՝ ինչո՞ւ չեմ մոտենում՝ տեսնելու, թե ինչ է պատահել: Ես պատասխանեցի, որ վռազ եմ, ինքն էլ թե այ թուլա, արի ստեղ և մոտեցել է ինձ ու ձեռքով ուժգին հարվածել դեմքիս»,– պատմել է Արթուրը։

Ըստ մեղադրական եզրակացության` Հրանտը Հովք գյուղ տանող խաչմերուկում իր ազդանշանով համագյուղացի Արթուրի կողմից ավտոմեքենան չկանգնեցնելու պատճառով, առանց տեղեկանալու իր ազդանշանն անտեսելու պատճառների մասին, վերջինիս հասցեին հնչեցրել է. «Այ թուլա, որ կանգնացնում եմ, ինչու չես կանգնում» արտահայտություն: Առանց պատասխանի սպասելու` ձեռքով հարվածել է Արթուրի դեմքին:

Հրանտին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, այն է` դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջությանը որևէ այլ վնաս պատճառելը, որը կատարվել է խուլիգանական դրդումներով: