Հաշմանդամ ազատամարտիկի 8 հոգանոց ընտանիքը մնացել է դրսում: NEWS.am-ի հետ զրույցում ազատամարտիկ 57-ամյա Լեւոն Մուրադյանի կինը՝ տիկին Սոնան, նշեց, որ այս տարիների ընթացքում ապրել են վարձով եւ այժմ գումար չունեն տան վարձը վճարելու: Նրա խոսքով՝ ամուսինն ու որդին հաշմանդամ են, չեն կարողանում աշխատել եւ այժմ ընտանիքը հայտնվել է անելանելի վիճակում:

«Դիմել ենք քաղաքապետարան, այնտեղից ուղարկել են սոցվարչություն, բայց ոչ մի բան չեն անում: Մնացել ենք առանց տան, չենք կարողանում տան վարձը վճարել, ասում են 10 տարի մշտական բնակավայրի հաշվառում չունեք չի հասնում ձեզ բնակարան: Ասում են՝ ամեն ինչ նորմալ է ձեր փաստաթղթերում, միայն այդ կետը չկա, բայց որտեղի՞ց մշտական հաշվառում ունենամ, եթե չեմ ունեցել սեփական բնակարան, վարձով եմ ապրել: Եթե ես տուն չունեմ, ու՞մ տան վրա գրանցվեմ, հիմա այնպիսի պայմաններում եմ ապրում, որ վերեւից անձրեւ ա թափվում, ներքեւից էլ առնետներն են»,-ասաց նա:

Սոնա Սիմոնյանը նշեց, որ ընտանիքին կերակրողը եղել է ամուսինը, սակայն, այժմ նրա առողջական վիճակը թույլ չի տալիս, որպեսզի աշխատի, ընտանիքը պահի:

«Ամուսինս ընտանիքի կերակրողն է, բայց գնացել է, էդ երկրի համար կյանք ա տվել, հաշմանդամ է դարձել ու էսօր ի վիճակի չէ աշխատելու: Գոնե պետությունը մի բանով չպե՞տք է աջակցի մեզ՝ մի անկյուն տան, որ երեխեքս մեջն ապրեն»,-ասաց նա: