Լոնդոնի հյուսիսային Սթամֆորդ Հիլլ շրջանում սինագոգի մոտ տեղադրվել է ճանապարհային նախազգուշացնող նշան՝ օրթոդոքսալ հրեայի ուրվանկարով, հայտնում է The Guardian-ը:

Նշանի տեղադրումը նկարիչ եւ լուսանկարիչ Ֆրենկ Էլեյի գեղարվեստական նախագծի մասն է: Նա արդեն հրեաներից ներողություն է խնդրել՝ հայտարարելով, որ չէր պատրաստվում նրանց վիրավորել: Նա նշել է, որ ճանապարհային նշաններ է ստեղծել նաեւ մթերքի սայլակով կնոջ, հաշմասայլակին նստած տղամարդու եւ կատվի պատկերներով:

«Այս նախագիծը նվիրված է ճանապարհը հատելուն: Ես ցանկանում էի ասել, որ մարդիկ տարբեր են, յուրաքանչյուր մարդն անհատական է»,- մեկնաբանել է Էլեյը:

Տեղական հրեական համայնքը խստորեն դատապարտել է նշանի տեղադրումը՝ տեղի ունեցածն անվանելով ատելության հիմքով հանցագործություն:

Արդյունքում ճանապարհային նշանը հանվել է:

Սթամֆորդ Հիլլում է բնակվում Եվրոպայում հասիդների (օրթոդոքսալ հրեաների) խոշորագույն համայնքը, որը կազմում է մոտ 30 հազար մարդ: