Արցախի դիրքերից մեկում, նախնական տվյալներով, ծառայակցի կողմից սպանված 19-ամյա ժամկետային զինծառայող Հովհաննես Հարությունյանի գործով դատական նիստին հարցաքննվել են նրա ծառայակից ընկերները: NEWS.am-ի հետ զրույցում Հովհաննեսի մայրը՝ տիկին Լյուդան, նշեց, որ Արցախի Հանրապետության առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում հարցաքննվել են Հովհաննեսի ծառայակից ընկերները, որոնք դեպքի պահին եղել են դիրքերում:

«Երկուսն էլ ասացին, որ դեպքի պահին բլինդաժում են եղել, կրակոցի ձայնը լսելուց հետո դուրս են եկել եւ Հովհաննեսին այդ վիճակում հայտնաբերել: Միքայելն էլ նրանց ասել է, որ քաշքշուկի ժամանակ պատահաբար արձակվել է կրակոց: Դրանից բացի ոչինչ չասացին»,-պատմեց տիկին Լյուդան:

Նշենք, որ մարտի 17-ին լրանում է  Հովհաննես Հարությունյանի մահվան մեկ տարին:

Ըստ մեղադրական եզրակացության` Միքայել Զաքարյանը վիճաբանության մեջ է մտել համածառայակից Հովհաննես Հարությունյանի հետ եւ ինքնաձիգով հանկարծակի դիտավորությամբ մեկ անգամ կրակել վերջինի վրա եւ սպանել: Բացի դրանից, վիճաբանության մեջ է մտել շարքային Սամվել Զեյնալյանի հետ, եւ բռունցքով մեկ անգամ հարվածել նրան: Սամվել Զեյնալյանը նույնպես բռնություն է գործադրել նրա նկատմամբ:

Միքայել Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով եւ 359-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Սամվել Զեյնալյանին` 359-րդ հոդվածի 1-ին մասով: Միքայելը կալանավորված է, իսկ Սամվելի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նշենք, որ Հովհաննես Հարությունյանի իրավահաջորդի շահերի պաշտպան Անի Չատինյանը ավելի վաղ մեզ հետ զրույցում հայտնել էր, որ փորձաքննության արդյունքներով ապացուցվում է, որ 19-ամյա զինծառայողին սպանելու մեջ մեղադրվող նրա ծառայակից 19-ամյա Միքայել Զաքարյանը մեղավոր է: Բացի այդ, փաստաբանի խոսքով, համալիր դատահոգեբանական, դատաբժշկական փորձաքննությունների համաձայն Միքայել Զաքարյանը մեղսունակ է ճանաչվել:

Միքայել Զաքարյանն իրեն առաջադրված մեղադրանքում մեղավոր չի ճանաչում: Նրա փաստաբանը՝ Էրիկ Բեգլարյանը նշել էր, որ Հովհաննեսը Միքայելի ինքնաձիգը կատակով փորձել է վերցնել եւ հենց այդ քաշքշոցի ժամանակ էլ արձակվել է մահացու կրակոցը:

Հիշեցնենք, որ Հովհաննես Հարությունյանը զոհվել էր մարտի 17-ին՝ ժամը 17:30-ի սահմանում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում: