ԱՄՆ-ի Օհայո նահանգի իշխանությունները գրեթե 3 մլն դոլար կվճարեն երկու տղամարդու, որոնք դատական սխալի հետեւանքով վանդակաճաղերի ետեւում են անցկացրել 16 տարի: Նրանց մեղավոր էին ճանաչել կնոջ սպանության համար:

Փոխհատուցում կվճարվի 53-ամյա Ռոբերտ Հոնդորին եւ Ռենդի Ռեշին, որոնց ամերիկյան արդարադատությունը 1990 թվականին բանտարկության է դատապարտել Փորթիջի շրջանում 31 տարեկան կնոջ սպանության համար: Տղամարդկանց ձերբայկալել էին, երբ նրանց դեմ ցուցմունք էր տվել գործով անցնող երրորդ ֆիգուրանտը, հայտնում է Santa Cruz Sentinel-ը:

Ըստ քրեական գործի նյութերի՝ 31-ամյա տուժող Քոնի Նարդիին խեղդամահ էին արել 1988 թվականին: Քննիչների վարկածով՝ Ռեշը սպանությունից առաջ փորձել է նրան բռնաբարել:

Երկար տարիներ դատապարտյալների փաստաբանները փորձել են վիճարկել անարդարացի դատավճիռները: Արդյունքում դատարանը համաձայնել է երկրորդ դատավարություն անցկացնել, որի ավարտին Հոնդորը եւ Ռեշը անմեղ են ճանաչվել եւ 2007 թվականին բանտից ազատվել:

Ազատություն ստանալուց հետո անարդարացի դատապարտվածները նահանգի դեմ դատական հայց են ներկայացրել՝ փոխհատուցման պահանջով: 2015 թվականին իշխանությունները համաձայնել են նրանցից յուրաքանչյուրին 420 հազար դոլար վճարել, սակայն նախկին բանտարկյալները հայտարարել են, որ իրենց տառապանքը չափազանց էժան է գնահատվել:

Արդյունքում Ռեշը եւ Հոնդորը հասել են Օհայոյի նահանգից յուրաքանչյուրին 1,45 մլն դոլար վճարելու փոխհատուցման: