Ճապոնիայում ձնահոսքի հետեւանքով առնվազն 6 դպրոցական է զոհվել։ Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով տեղի հրշեջ վարչությանը։
Եվս երեքը համարվում են անհետ կորած, նրանց որոնումները շարունակվում են։
Դեպքը տեղի է ունեցել Նասու քաղաքի շրջանում գտնվող լեռնադահուկային հանգստավայրում՝ Տոգիտի պրեֆեկտուրայում։
Ինչպես հայտարարել է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան՝ Տոգիտիում կատարվածի հետ կապված արտակարգ շտաբ է ստեղծվել, որը կհամակարգի որոնողական աշխատանքները։
Հանգստավայրում մոտ 66 մարդ է գտնվում, այդ թվում՝ տեղի դպրոցների ավագ դասարանների 50 աշակերտներ, որոնք լեռնագնացությամբ են զբաղվել։




























