Դամասկոսը համարում է, որ Սիրիայում նոր գործողություն սկսելու Անկարայի ծրագրերը, նաեւ Սիրիայի տարածքում թուրքական զորքերի ներկայությունը երկրի ինքնիշխանության դեմ աղաղակող ագրեսիա է, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Ռուսաստանում Սիրիայի դեսպան Ռիյադ Հադադը:
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը երկուշաբթի հայտարարել էր, որ Անկարան «Եփրատի վահան» գործողության ավարտից հետո Սիրիայում նոր գործողությունների է պատրաստվում:
«Անկախ այն հանգամանքից՝ առաջին գոծողությունն ավարտվել է կամ չի ավարտվել, կամ եթե նա ցանկանում է երկրորդ գործողություն սկսել, մենք ի սկզբանե համարել ենք, որ մեր տարածքում Թուրքիայի բանակի գտնվելը օկուպացիա է: Սա մեր երկրի ինքնիշխանության դեմ աղաղակող օկուպացիա է»,- հայտարարել է Հադադը:
«Մեր տարածքում Թուրքիայի բանակի գտնվելու նկատմամբ մեր դիրքորոշումը չի փոխվի, նույնիսկ եթե երկրորդ գործողությունը սկսվի»,- ընդգծել է դեսպանը:



























