Ներկայիս դեֆլյացիան Հայաստանի տնտեսական աճը կաշկանդում է: Հանրապետությանը չափավոր ինֆլյացիա է պետք: Ապրիլի 13-ին՝ կառավարության նիստից հետո այս մասին լրագրողներին ասաց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
Նրա խոսքով՝ դեֆլյացիայի մթնոլորտում նվազում են ներդրողների պոտենցիալ եկամուտները, հետեւաբար՝ բիզնեսում ներդնելու նրանց ցանկությունը: «Այդ պատճառով մենք պետք է վերադառնանք թիրախային ցուցանիշին՝ 4 +/- 1,5 տոկոս»,- հավելեց նախարարը:
Հիշեցնենք, որ 2017-ի փետրվարին Հայաստանում 12-ամսյա ինֆլյացիան բացասական նիշ է ունեցել՝ մինուս 0,2 տոկոս: Կենտրոնական բանկը ծրագրել է այնպիսի դրամային քաղաքականություն վարել, որ 12-ամսյա ինֆլյացիան աստիճանաբար բարձրացնի թիրախային ցուցանիշին, սակայն միայն 2019-ի սկզբին՝ ցնցումներից խուսափելու համար: 2017-ի համար 12-ամսյա ինֆլյացիան ակնկալվում է 0,6 տոկոս, 2018-ին՝ 2,2 տոկոս (յուրաքանչյուր եռամսյակ կանխատեսումը վերանայվում է):




























