Վերջին տարիներին ամերիկյան օգնության մակարդակը գնալով նվազում էր, սակայն 2017-ին աճ է գրանցվել. Հայաստանն ստացել է 30 մլն դոլար, Վրաստանը երեք անգամ ավելի, իսկ Ադրբեջանը՝ գրեթե 10 մլն-ով պակաս նյութական օգնություն: Այս մասին, Նյու Յորքում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, «ԱՄՆ եւ Հայաստան երկկող հարաբերություններ, առաջխաղացում եւ հեռանկարներ» թեմայով քննարկմանն ասել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Դեսպանը ներկայացրել է հայ-ամերիկյան հարաբերությունների էությունը, որի մեջ ներառվում է հիմնականում ամերիկյան օգնություն, մաքուր էներգիա, մարկետինգ, միջուկային զենքի արգելափակում, պայքար թմրաբիզնեսի եւ երկրից երկիր տեղափոխվող հանցագործությունների դեմ, զինվորական կրթություն եւ խաղաղության համար պայքար, Արցախի խնդրի խաղաղ լուծում, ներդրումային ծրագրեր եւ մարդկային շփումներ:
Հայաստան-Վրաստան-Ադրբեջան հարաբերությունների մեջ դեսպանը ներկայացրել է ամերիկյան օգնության մակարդակը վերջին 7 տարվա կտրվածքով: Նրա խոսքով, Վրաստանը միշտ եղել է առաջին տեղում, Հայաստանը՝ երկրորդ: Վերջին տարիներին օգնության մակարդակը գնալով նվազում էր, սակայն 2017-ին աճ է գրանցվել. Հայաստանն ստացել է 30 մլն դոլար, Վրաստանը երեք անգամ ավելի, իսկ Ադրբեջանը՝ գրեթե 10 մլն-ով պակաս նյութական օգնություն:
Ռազմական օգնության ցուցանիշով եւս Վրաստանն անհամեմատ առաջ է, երկրորդ տեղում է Ադրբեջանը, իսկ Հայաստանի համար կարելի է ասել, որ գրեթե ռազմական օգնություն չի ստացել:




























