Հայաստանը պետք է հաղթահարի իր պատմական «բարդությունները», ինչպես ժամանակին արել են Եվրոպայի երկրները: Այդ մասին նոյեմբերի 26-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԵԱՀԿ ԽՎ պատվավոր նախագահ Գորան Լենմարկերը:

Նրա խոսքով, ներկայումս Հայաստանը գտնվում է բարդ իրավիճակում, առկա 4 սահմաններից երկուսն արգելափակված են: Հայաստանի եւ Թուրքիայի՝ բարդ անցյալ ունեցող  հարաբերությունների կարգավորմանը կողմ է միջազգային հանրությունը:

«Հայաստանն ու Թուրքիան չպետք է վախենան պատմությունն արծարծելուց: Ներկայումս Թուրքիայում կան ուժեր, որոնք կողմ են հայ-թուրքական գործընթացին»,- ասել է Լենմարկերը:

Նա կարծում է, որ այդ գործընթացը կարեւոր է ինչպես Հայաստանի, Թուրքիայի, այնպես էլ Եվրոպայի եւ ղարաբաղյան կարգավորման համար: