Հայաստանի արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության պատվիրակությունը՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանի գլխավորությամբ, նոյեմբերի 25-26-ը Դատական ծառայողների միջազգային միության հրավերով Փարիզում մասնակցել է Դատական ծառայողների միջազգային միության մշտական խորհրդի լիագումար նիստին:
Միհրան Պողոսյանը ներկայացրել է ՀՀ-ում դատական ակտերի հարկադիր կատարման մասին օրենսդրական մեխանիզմները եւ համակարգը: ՀՀ գլխավոր հարկադիր կատարողն անդրադարձել է Հայաստանում հարկադիր կատարման մասին օրենսդրության ձեւավորման հիմքերին եւ դրա զարգացման նախադրյալներին։ Նա խորհրդի լիագումար նիստի մասնակիցներին ներկայացրել է ԴԱՀԿ ծառայության կազմակերպման եւ գործունեության սկզբունքները:
Նիստում ելույթ ունեցող բոլոր մասնակիցները կարեւորել են միջազգային համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված միջոցառումների կազմակերպման եւ անցկացման անհրաժեշտությունը:
ԴԱՀԿ ծառայության պատվիրակության անդամները փորձի փոխանակման նպատակով հանդիպումներ են ունեցել ինչպես Դատական ծառայողների միջազգային միության ղեկավարության, այնպես էլ առանձին անդամ պետությունների պատվիրակությունների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են դատական ակտերի հարկադիր կատարման ոլորտում կատարողական գործողությունների արդյունավետության բարձրացման եւ դրան զուգահեռ անձի իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանության երաշխիքների ամրապնդմանն ուղղված միջազգային չափորոշիչներին առնչվող հարցեր:
Նիստին ներկա են եղել ինչպես վերոհիշյալ միության 69 անդամ պետությունների պատվիրակությունները, այնպես էլ այն պետությունների պատվիրակությունները, որոնք մոտ ապագայում դիտորդի կարգավիճակից անցում են կատարելու միության լիարժեք անդամի կարգավիճակի:





























