Երեւանի Ավանի հոգեբուժարանում ռումբի վերաբերյալ կեղծ ահազանգի մեջ մեղադրվող 29-ամյա Էդգարն անմեղսունակ է ճանաչվել եւ դատարանը նրա նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոց է կիրառել: Այս մասին NEWS.amին ասաց Էդգարի պաշտպան Կարինե Խաչատրյանը:

Նշենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ 29-ամյա Էդգարը տաքսաֆոնից զանգահարել է ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն եւ նախապատրաստվող ահաբեկչության մասին տվել է սուտ հաղորդում` հայտնելով, որ Ավանի հոգեբուժարանում ռումբ է տեղադրված եւ 3 ժամից այն պայթելու է:

Ավելի վաղ ոստիկանությունը հաղորդել էր, որ 2017թ. փետրվարի 6-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց զանգահարած անհայտ քաղաքացին հայտնել է, որ Ավանի հոգեբուժարանում ռումբ է դրված եւ 3 ժամից պայթելու է: Մեկնած օպերատիվ խումբը եւ համապատասխան գերատեսչությունների մասնագետները պարզել են, որ ահազանգը իրականությանը չի համապատասխանում:

Նույն օրը, ժամը 15.10-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում, համանման մեկ այլ հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի եւ հայտնել, որ մեկ ժամից Բաղրամյան պողոտայում գտնվող շինություններից մեկը կպայթի:

Համապատասխան ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ ահաբեկչության մասին հաղորդումը սուտ է եւ այն կատարվել է Մաշտոցի պաղոտայի թիվ 5 հասցեում գտնվող տաքսաֆոնից:

Պարզվել է, որ նշված անձը Երեւանի բնակիչ, Էդգար Վ.-ն է: