Գյումրիում 2014թ. հուլիսի 24-ին, պատգամավոր Վարդեւան Գրիգորյանի եղբոր՝ Հարություն Գրիգորյանին սպանելու համար 3 տարվա ազատազրկման դատապարտված Արման Կատունյանի պաշտպանները վճռաբեկ բողոք են ներկայացրել:
Բողոքը վերամակագրվել է դատավոր Ելիզավետա Դանիելյանին:
Հիշեցնենք, որ Վերաքննիչն արդեն մասնակի բավարարել Ա.Կատունյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի եւ Երվանդ Վարոսյանի կողմից ներկայացրած բողոքը՝ դադարեցնելով ամբաստանյալի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զինամթերք հանդիսացող փամփուշտ պահելը) իրականացվող քրեական հետապնդումը եւ կրճատելով ազատազրկման ձեւով նշանակված պատժաչափը 3 ամսով: Կատունյանը դատապարտվեց 3 տարվա ազատազրկմանը, որը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով նշանակվել էր հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարված սպանության համար։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արման Կատունյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի հատկանիշներով (սպանություն), սակայն նախաքննեւթյան ընթացքում, ապա նաեւ դատարանի կողմից նշանակված դատահոգեբանական երկու փորձաքննություններով հաստատվել էր, ոը Արման Կատունյանը դեպքի պահին իր գործողությունները կատարել է «կոմուլյատիվ աֆեկտի» վիճակում: Դրանից ելնելով նախաքննական մարմինը Ա. Կատունյանին նախկինում առաջադրված մեղադրանքը ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասից՝ սպանություն, վերաորակել էր որպես «հոգեկան խիստ հուզմունքի վիճակում» կատարած սպանություն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի հատկանիշներով:





























