Պորտուգալական միջնադարյան դամբարանադաշտում հայտնաբերել են երեք երիտասարդների կմախքներ, որոնց ձեռքներն ու ոտքերը մահից առաջ կտրել էին, հայտնում է Gazeta-ն։
Հետազոտողների կարծիքով, 13-14 դարերում Էստրեմոշ քաղաքում ապրող երիտասարդների ձեքերն ու ոտքերը կտրել էին որպես դատական պատժամիջոց։
Այդ կմախքները գտել են 94 այլ կմախքների կողքին, որոնք 2001-ից սկսած հայտնաբերվել են այդ դամբարանադաշտում։ Հնագետների խոսքով, իրենք ապշել էին այդ կմախքների տեսքից։ «Ձեռքերն ու ոտքերը մարմինների կողքին կամ տակն էին դրված»,- պատմել է աշխատության համահեղինակ Եվգենիա Կունան։ Հետազոտությունը ցույց է տվել, որ հանգուցյալների բոլոր ոսկորները թաղված էին գերեզմանափոսում, ինչը վկայում է այն մասին, որ նրանց հենց մահից առաջ էին անդամահատել։ Հնագետները համարում են, որ այդ անդամահատումները նման են միջնադարյան Անգլիայի գերեզմաններում հայտնաբերված կմախքներին։ Անգլիայում նույնպես մահապատժից առաջ որպես պատժամիջոց կիրառվում էր անդամահատումը։
14 ու 15 դարերում նման պատժամիջոցների կարող էին ենթարկվել գողերն ու կեղծ դրամագործները, ասում են գիտնականները։ «Հնարավոր է բոլոր վերջույթների անդամահատումը կիրառվում էր ամենալուրջ հանցագործությունների դեպքում»,- համարում է Թերեզա Ֆերնանդեսը, աշխատության համահեղինակը։ Նա չի բացառում նաեւ, որ այդ մարդկանց քաղաքական դրդապատճառներով են մահապատժի ենթարկել։





























