Արցախի խորհրդարանում մեծամասնություն կազմող «Հայրենիք» խմբակցությունը հուլիսի 5-ին համագումար է հրավիրել, որի օրակարգի հիմնական հարցը Հանրապետության նախագահի առաջադրումն է: Այս մասին NEWS.am-ին ասաց խմբակցության պատգամավոր Ռուդիկ Հյուսնունցը:

«Նախնական որոշում կա, որ մեր կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը չի առաջադրվի: Վերջնական որոշումը, սակայն, կկայացվի համագումարի ժամանակ: Մենք այդ օրը ընտրելու ենք նաեւ կուսակցության նախագահին: Այս հարցն արդեն հստակեցված է. մեր կուսակցության նախագահը շարունակելու է մնալ Արայիկ Հարությունյանը»,- ասաց Ռուդիկ Հյուսնունցը:

Արայիկ Հարությունյանի կուսակցությունն Ազգային ժողովում ունի 15 պատգամավոր: Երկրորդ խոշոր խմբակցությունը՝ 7 պատգամավոր ունեցող «Դաշնակցությունը» նույնպես քննարկումների մեջ է: Խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանի խոսքով, կուսակցությունների ղեկավարների միջեւ քննարկումներ են ընթանում:

«Մենք այս պահին որոշում չունենք՝ մեր թեկնածուն կառաջադրենք, թե այլ խմբակցության թեկնածուի կսատարենք»,- ասաց նա:

Նշենք, որ Արցախում Սահմանադրական բարեփոխումներից հետո ընդդիմությունը պնդում էր, որ այս ամենն արվում է Բակո Սահակյանի վերարտադրության համար: Իշխանական ուժերը դեռեւս չեն շտապում բացահայտել՝ իրենց թեկնածուն գործող նախագահն է լինելու, թե ոչ: Քաղաքական շրջանակում տարածված տեղեկությունների համաձայն՝ Արայիկ Հարությունյանի «Հայրենիքն» ու Աշոտ Ղուլյանի «Ժողովրդավարությունը» առաջադրելու են եւ սատարեն հենց Բակո Սահակյանին:

Արցախի խորհրդարանում միակ ընդդիմությունը՝ «Վերածնունդը», թեկնածու չի առաջադրելու: Խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանը մեզ հետ զրույցում նշեց, որ եթե այլընտրանքային թեկնածու լինի, ինքը նրան կընտրի: Ամենայն հավանականությամբ, Բակո Սահակյանին այլընտրանքային թեկնածու չլինի:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովը Հանրապետության նախագահին կընտրի հուլիսի 2-րդ կեսին: