Անցնելով իր նկարների կողքով՝ պայծառ հայացքով տղան զննում է դրանք եւ կանգնում մեկի մոտ։ «Ձեռքով չդիպչելը» կարծես նրան չի վերաբերում․ ձեռքի ափով շոշափում է նկարը՝ ասես հիշողության մեջ վերականգնելով այն նկարելու օրվա մանրամասներն ու գույները։

Մոտենալով նկարին՝ կարդում եմ անունը՝ «Գիշեր»։

«Գիշերվա 1-ն էր, կամ գուցե ավելի ուշ։ Մեր տանը հյուրեր կային, ես նրանցով էի զբաղված։ Մի պահ նայում եմ՝ Էվդինը պատուհանի մոտ կանգնած ինչ-որ բան է նկարում։ Մոտենում եւ տեսնում, որ նա մանուշակագույնով պատկերում է գիշերը։ Դուրս նայելով՝ ապշեցի․ իսկապես արտասովոր գիշեր էր, երկինքն ասես մանուշակագույն լիներ, իսկ դրա ֆոնին սպիտակ լուսինը շատ պարզ էր երեւում», - հիշում է 14-ամյա Էդվինի մայրը՝ Արմենուհի Հովսեփյանը՝ բարձրահասակ, նրբագեղ, սեւ մեծ աչքերով։

Հյուրերը գնացին գրեթե լուսաբացին, մինչեւ այդ նկարն արդեն պատրաստ էր։ Հայացք նետելով որդու աշխատանքին՝ Արմենուհին հարցրեց.

«Այդ ի՞նչ հետքեր են լուսնի վրա»։

«Խառնարաններ են, մամա», - հանգիստ պատասխանեց նա։

«Խառնարաններ»,- կրկնեց Արմենուհին եւ քարացավ հյուրասենյակի մեջտեղում՝ ձեռքին արդեն լվացած բաժակներով սկուտեղը։ Աչքի առջեւ ֆիլմի կադրերի նման անցան հիշողությունները։ Մեկը մյուսի հետեւից։ Ահա ինքը թուլացած ոտքերով դուրս է գալիս բժշկի աշխատասենյակից՝ երկու տարեկան, լուռ ժպտացող որդու ձեռքը բռնած։ «Ձեր երեխան երբեք չի խոսի...», - հնչում էր մոր ականջներում։ Նա քայլում էր միջանցքով եւ ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ՝ ինչու՞։

Շուտով ստացվեց պաշտոնական ախտորոշումը՝ աուտիզմ։

Այդ պահից սկսվեցին տքնաջան աշխատանքի տարիները, որոնք ուղեկցվում էին խուճապի եւ անելանիելիության պոռթկումներով։ 4 տարի շարունակ բժիշկներն ու մանկավարժները գալիս էին ու գնում։ 6 տարեկանում Էդվինը նայեց տանը հոլի նման պտտվող Արմենուհուն եւ նրա ձեռքը բռնելու փոխարեն կանչեց՝ «մամա»։ Ժամանակի ընթացքում Էդվինը յուրացրեց նոր եւ ավելի բարդ բառեր, սովորեց նախադասություններ կազմել։ 

«Երբ ինձ ասացին, որ նա երբեք չի խոսի, երազում էի, որ գոնե «մամա» ասի, նույնիսկ չէի կարող հուսալ, որ կօգտագործի այնպիսի բառեր, ինչպիսին «խառնարանն» է։ Շատ երեխաներ նույնիսկ չգիտեն, թե ինչ բան է խառնարանը, - ասում է Արմենուհին և ավելացնում, - Աուտիզմն անբուժելի է։ Այլ կերպ ասած՝ դրա դեմ դեղորայք չկա։ Երեխաներին կարելի է օգնել միայն մարզումներով եւ լավ մասնագետների օգնությամբ։ Ինչպես, օրինակ, մանկավարժ Էմմա Բաղրամյանն է, լոգոպեդ Նելլի Գեւորգյանը։ Բացի այդ, Էդվինն այցելել է «ԱրԲես» բժշկական կենտրոն։

Նկարչության նկատմամբ որդու սերը Արմենուհին նկատեց, երբ նա մոտ 7 տարեկան էր։ Տղան տետրերում եւ նկարչական ալբոմներում պատկերում էր Հովհաննես Թումանյանի հեքիաթների սիրելի հերոսներին, որոնք ամեն օր քնելուց առաջ մայրը կարդում էր նրա համար։

«Մի օր վաղ առավոտյան արթնացա եւ տեսա, որ նա մահճակալում չէ։ Տանը մեռելային լռություն էր։ Այնպես վախեցա, որ պարզապես դուրս թռչեցի սենյակից։ Գլխումս սարսափելի մտքեր էին։ Հանկարծ տեսնում եմ նրան հյուրասենյակի կենտրոնում, հատակին նստած։ Նա կանգնեցրել էր «Թոմ եւ Ջերրի» մուլտֆիլմի կադրը եւ այն նկարել թղթի վրա», - հիշում է Արմենուհին։

Երիտասարդ կինը հասկացավ, որ եթե որդին սեր ունի արվեստի նկատմամբ, անհրաժեշտ է այն զարգացնել եւ զբաղվել համապատասխան մանկավարժներ փնտրելով։ Այսպես Էդվինի կյանքում հայտնվեցին Լուսինե Սարուխանյանն ու Մհեր Նազարյանը։

«Նրանք Էդվինին տեխնիկա են սովորեցնում, ուղղություն տալիս, սակայն չեն կարող իրենց կարծիքը պարտադրել։ Եթե նա որոշել է, որ ծովը կարմիր պետք է լինի, նշանակում է կարմիր պետք է լինի», - ժպտում է Արմենուհին։

Ի դեպ, Էդվինի սիրելի գույներից են դեղինն ու մանուշակագույնը։ Այսօր պատանին ավելի քան 200 նկար ունի։ Բացի բազմաթիվ միջոցառումների մասնակցելուց, նա երկու անգամ անհատական ցուցահանդես է ունեցել՝ մեկը Երեւանի Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջում, երկրորդը՝ Հայաստանի նկարիչների միությունում։ Անցյալ տարի Էդվինի նկարները ներկայացրել են Աբովյանի գեղարվեստի դպրոցի 40-րդ տարեդարձին նվիրված ցուցահանդեսում։

Հրաժեշտ տալով Արմենուհուն՝ խնդրում եմ խորհուրդ տալ այն մայրերին, որոնք նույն խնդրի հետ են բախվել։

«Աուտիզմը վերջը չէ։ Դա միայն սկիզբն է։ Մի հիասթափվեք ձեր երեխայից, մի հրաժարվեք նրանից եւ միայնակ մի թողեք իր խնդրի հետ։ Պարզապես ընդունեք փաստը, որ նա ուրիշ է։ Ոչ պակաս հրաշալի, քան մյուսները»։