Հյուսթոնում Հարվի ծովամրրիկի հետեւանքով տուժել է շուրջ 25 հայ ընտանիք: Այս մասին NEWS.am-ին ասաց տեղի հայկական Սուրբ Գեւորգ եկեղեցու հոգեւոր հայր Մարտիրոս Հակոբյանը:

«Հայերի տներն են վնասվել, անձնական մեքենաները, ինչպես նաեւ բիզնեսում: Այս պահի դրությամբ 20-25 ընտանիք ունենք, որ շվարած վիճակում են, քանի որ կորցրել են կահույք, տուն եւ ընդհանրապես ամեն ինչ: Նրանց օգնելու համար հայ համայնքը դրամահավաքներ է կազմակերպում՝ տուժած ընտանիքներին աջակցելու համար»,- ասաց տեր հայրը:

Նրա խոսքով, տուժած ընտանիքներն այս օրերին ժամանակավոր բնակվում են իրենց ազգականների մոտ, սակայն իրենք ամեն ինչ անում են այդ ընտանիքներին անելանելի վիճակից հանելու համար: Թեքսասի հայ համայնքին գումարային օգնություն կարող եք տրամադրել նաեւ Հյուսթոնի Սուրբ Գեւորգ հայկական եկեղեցու միջոցով այցելելով էջ:

«Պետությունը ծովամրիիկից տուժած մարդկանց օգնելու է, սակայն ամբողջական փոխհատուցում չի տալու, այդ պատճառով մենք դրամահավաքներ ենք կազմակերպում»,- նշեց հայ համայնքի ներկայացուցիչը:

Նշենք, որ Հարվի ծովամրրիկն ԱՄՆ-ի Թեքսաս նահանգին հասցրել է ահռելի մեծ վնասներ. ջրհեղեղի հետեւանքով կան 1 տասնյակից ավելի զոհեր, Հյուսթոն քաղաքը սուզվել էր մոտ 1 մետր ջրի տակ: Այնտեղ բնակվում է շուրջ 3 հազար հայ, որոնք եղել են Հարվի ծովամրիիկի կիզակետում: