Իսպանիայի Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել երկրի կառավարության հայցերը՝ նախօրեին Կատալոնիայի կառավարության ու խորհրդարանի կողմից ընդունված փաստաթղթերի ապօրինության մասին, որոնց հիման վրա Կատալոնիան մտադիր է հոկտեմբերի 1-ին անկախացման մասին հանրաքվե անցկացնել։ Այսպիսով՝ ՍԴ-ն կասեցրել է այդ օրենքների գործողությունը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Արտահերթ նիստի ժամանակ Իսպանիայի կառավարությունը որոշում է կայացրել ՍԴ-ում բողոքարկել հանրաքվեի մասին օրենքը, որը կատալոնյան խորհրդարանն է ընդունել, հանրաքվեի մասին դեկրետը, որը ստորագրել են կառավարության անդամները, նաեւ մյուս փաստաթղթերը , մասնավորապես ընտրական կոմիտեի ստեղծման մասին։ Բացի այդ՝ Իսպանիայի կառավարությունը ՍԴ-ին դիմել է խնդրանքով՝ Կատալոնիայի պետական լրատվամիջոցներին կարգադրել չմասնակցել նախընտրական քարոզչության տարածմանը։ Կառավարությունը նաեւ ուղիղ դիմել է կատալոնյան քաղաքների քաղաքապետներին՝ կոչ անելով թույլ չտալ ապօրինի քվեարկության անցկացումը։
Կատալոնիայի իշխանությունները մտադիր են հոկտեմբերի 1-ին անցկացնել անկախացման մասին հանրաքվե, որն իսպանական կառավարությունը ապօրինի է համարում։ Սեպտեմբերի 6-ին Կատալոնիայի խորհրդարանը, որտեղ ինքնորոշման կողմնակիցները բացարձակ մեծամասնություն են կազմում, ընդունել է հանրաքվեի մասին օրենք, որից հետո հանրաքվեն հոկտեմբերի 1-ին անցկացնելու մասին դեկրետը ստորագրել են կատալոնյան կառավարության բոլոր անդամները։




























