ԱՄՆ նախկին նախագահները «Հարվի» եւ «Իրմա» փոթորիկներից տուժածների օգնության ֆոնդ են ստեղծել։ Այս մասին ասված է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի գրասենյակի հայտարարության մեջ։
«Միասնական Ամերիկայի կոչ» (OneAmericaAppeal) ֆոնդի ստեղծմանը մասնակցել են ԱՄՆ նախկին բոլոր ողջ նախագահները՝ Բարաք Օբաման, Ջորջ Բուշ կրտսերը, Բիլ Քլինթոնը, Ջորջ Բուշ ավագը եւ Ջիմ Քարթերը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
Գործող նախագահ Դոնալդ Թրամփը պաշտպանել է այդ մտահղացումը։ «Մենք կդիմակայենք ցանկացած մարտահրավերի, որքան էլ որ ուժեղ լինի քամին եւ բարձր՝ ջուրը։ Ես հպարտությամբ մյուս նախագահների հետ աջակցում եմ «Միասնական Ամերիկայի կոչին»,– գրել է նա Twitter–ում։




























