ՕՊԵԿ երկրները կարող են 2018-ի մարտից հետո երկարաձգել նավթի արդյունահանման կրճատման մասին համաձայնագիրը: NEWS.am-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Wood Mackenzie բորսային գլոբալ քոնսալթինգային ընկերության վերլուծական բաժնի փոխտնօրեն Ալան Գելդերը:

Եթե ՕՊԵԿ երկրները վերադառնան արդյունահանման եւ մատակարարումների նախկին ծավալներին, գները կարող են նկատելի նվազել, կարծում է նա:

Նավթի համաշխարհային պաշարներն իրոք աճում են: Միջազգային էներգետիկ գործակալության (IEA) տվյալներով՝ Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության երկրների պաշարները հունիսին կազմել են 3021 մլն բարել, ինչը մոտ 220 մլն-ով շատ է 5-ամյա միջին ցուցանիշից:

Սակայն ՕՊԵԿ խաղաքարտերը կարող է խառնել tight oil ամերիկյան նավթը: Նավթի ընթացիկ գները նախկինի պես շահավետ են արտահանման համար: Վերջին տարում Brent-ը վաճառվում է բարելի դիմաց 50-57 դոլարի սահմաններում, իսկ WTI-ն՝ 46-53 դոլարի:

2014-2016թթ. նավթի գների անկման նկատմամբ ամերիկյան արտահանության կայունությունը նշել էր նաեւ ՕՊԵԿ-ը՝ 2016-ի հոկտեմբերին ներկայացնելով World Oil Outlook համաշխարհային կանխատեսումը: «Արտադրողականության աճն ու ծախսերի կրճատումն արտադրողներին օգնել են արտադրությունը պահպանել ավելի բարձր մակարդակի վրա, քան ակնկալվում էր»,- ասված է զեկույցում:

Wood Mackenzie-ի սպասումներով ամերիկյան խիտ նավթի արդյունահանումը 2018-ին կաճի եւ կարող է ծածկել համաշխարհային պահանջարկի գրեթե ամբողջ աճը՝ օրական 1.3 մլն բարել:

Միջազգային էներգետիկ գործակալության համաձայն՝ 2018-ին ՕՊԵԿ անդամ չհանդիսացող երկրները կարող են նավթի արդյունաբերումն օրական 1.4 մլն բարելով մեծացնել, որից 1.0 մլն-ը բաժին կհասնի ԱՄՆ-ին:

Նման իրադրությունում ՕՊԵԿ երկրներն, ամենայն հավանականությամբ, կերկարաձգեն արտադրանքի կրճատման մասին համաձայնագիրը, որպեսզի խուսափեն գների հետագա անկումից, նշել է Գելդերը: