Այսօր` դեկտեմբերի 20-ին Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում նշվում է Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրը, որի կապակցությամբ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը  շնորհավորական ուղերձ է հղել:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ուղերձում մասնավորապես ասվում է.

«Ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի առթիվ:

Ձեզ վստահված է չափազանց կարեւոր առաքելություն` ապահովել մեր երկրի ու ժողովրդի անվտանգությունը տարբեր ոլորտներում: Այդ պատասխանատու աշխատանքը արդյունավետ կերպով իրականացնելու համար անհրաժեշտ է համապատասխան մասնագիտական պատրաստվածություն, սկզբունքայնություն, բարձր բարոյական հատկանիշներ եւ, իհարկե, հայրենիքին անմնացորդ ծառայելու պատրաստակամություն:

Վստահ եմ, Արցախի հանրապետության ազգային անվտանգության ծառայությունն ունի անհրաժեշտ ներուժ իր գործառույթները պատշաճ մակարդակով իրականացնելու համար: Պետությունն էլ իր հերթին ուշադրության կենտրոնում կպահի գերատեսչության տեխնիկական հագեցվածության, աշխատակիցների աշխատանքային պայմանների բարելավման, սոցիալական հիմնախնդիրների լուծման գործը:

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ համակարգի աշխատակիցներին ու վետերաններին եւ մաղթում քաջառողջություն, երջանկություն ու մեծագույն հաջողություններ աշխատանքում եւ անձնական կյանքում»: