«Նոր քաղաքապետի հետ աշխատանքում ակնկալում եմ համերաշխություն, փոխադարձ ընկալում եւ համաձայնություն»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ, Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւրոգյանը: «Մենք աշխատանքի ոչ մի ճանապարհ չունենք՝ բացի եղած երկար տարիների ավանդույթների շարունակումն ու զարգացումը: Կարծում եմ, որ ավագանին պետք է աջակցի նոր քաղաքապետին, երեւանցիները նույնպես պետք է լինեն քաղաքապետի եւ ավագանու կողքին: Եթե քաղաքապետարանը մաքրում է, իսկ քաղաքացին աղտոտում է քաղաքը, եթե քաղաքապետարանը մաքրում է շենքերի ճակատները, իսկ ով շուտ արթնանում է՝ իրեն պետք եկած հայտարարությունն է փակցնում շենքի ճակատին, ինչպիսի հզոր միջոցներ էլ ունենա քաղաքի ղեկավարությունը, քաղաքը պատշաճ տեսքի չի կարող բերել»,-նշեց Գեւորգյանը:
Աստղիկ Գեւրոգյանի համար կապ չունի, թե ով է ստանձնում մայրաքաղաքի ղեկավարությունը եւ, նրա կարծիքով պարտադիր չէ, որ Երեւանի քաղաքապետը ծնունդով լինի երեւանցի: «Մենք 1988 թվականից Ղարաբաղ ենք գոռում, ի՞նչ կապ ունի, թե Կարեն Կարապետյանը ղարաբաղցի է, թե այլ տեղից: Ես չեմ առաջնորդվում ծննդավայրի աշխահագրությամբ: Կարեւոր է, որ մարդը աշխատող լինի, նվիրված լինի»,-նշեց ավագանու անդամը:
Ինչ վերաբերում է նախկին քաղաքապետի՝ Գագիկ Բեգլարյանի աշխատանքի գնահատականին, Աստղիկ Գեւորգյանը նշեց, որ նրա պաշտոնամուտի ժամանակ էլ նույնքան ոգեւորված է եղել, ինչպես որ նոր քաղաքապետի: «Ես չեմ մտածում, որ որեւէ մեկը կարող է գալ քաղաքապետարան, առանց Երեւանին նվիրվելու, անկախ նրանից, թե ինչ կարգավիճակ ունի: Երեւանի քաղաքապետի աշխատանքը պահանջում է Երեւանը սիրելու կարողություն»,-հայտարարեց Գեւորգյանը:




























