Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խոստացել է Բելառուսում «արեւմտյան գործընկերների» եւ ընդդիմության համագործակցության մասին գաղտնի փաստաթղթեր հրապարակել՝ Wikileaks-ի ոճով, հայտնում է NEWSru.com-ը:

«Մենք դեռ ամեն ինչ ցույց չենք տվել, բայց առաջիկայում ոչ միայն ցույց կտանք, այլեւ…: Ուղղակի որոշ փաստաթղթեր կտպագրենք: Տեսնենք, թե ինչպես կարձագանքեն բելառուսական Wikileaks-ի հրապարակումներին նրանք եւ իրենց թիկունքում կանգնածները»,- ասել է Լուկաշենկոն:

Նրա խոսքով, հրապարակումները կլինեն 2-3 օրվա ընթացքում: «Հրապարակելու ենք բոլոր փաստաթղթերը, որոնք պետք է լինեն «Գաղտնի» թղթապանակում»... Դրանք պատմական կարեւորություն ունեն»,- հայտարարել է Լուկաշենկոն:

Բելառուսի նախագահի ընտրությունները կայացել են դեկտեմբերի 19-ին, ԿԸՀ տվյալներով, հաղթանակ է տարել Ալեքսանդր Լուկաշենկոն:

Հիշեցնենք, որ ընդդիմությունը, դժգոհելով Լուկաշենկոյի հաղթանակից, բողոքի գործողություններ էր սկսել Մինսկում՝ գրոհելով կառավարության շենքը, որտեղ գտնվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Ոստիկանությունը մահակներ եւ արցունքաբեր գազ է օգտագործել: Ներկայումս ձերբակալվել է մի քանի հարյուր մարդ, այդ թվում՝ նախագահի ընդդիմադիր թեկնածուներ: