«Մենք ենք այս քաղաքի տերը»  քաղաքացիական նախաձեռնությունը նամակ է հղել Երեւանի նորընտիր քաղաքապետ Կարեն Կարապետյանին, առաջարկելով հանդիպել նրա հետ եւ քննարկել քաղաքի բնապահպանական խնդիրները: Նամակում, մասնավորապես, ասվում է.

«Շնորհավորում ենք Երեւանի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Մեր քաղաքացիական նախաձեռնությունը սկիզբ է առել ապրիլին Երեւանի Ուսանողական այգում սկսված տխրահռչակ շինարարության դեմ պայքարի ընթացքում:

Ցավոք, անցած ամիսների ընթացքում մենք ստիպված էինք նմանատիպ հողահատկացումների հետ կապված կոնֆլիկտների բախվել նաեւ Երեւանի Կոմիտասի 5ա, Գլխավոր պողոտայի այգու, ՆԳՆ մանկապարտեզի, Վիշապի կոթողներ պուրակի, Սարկավագի 72 եւ շատ այլ հասցեներում, որտեղ բնակիչները գործ ունեին սեփական հանգստի եւ առողջության համար կարեւոր կանաչ տարածքների ապօրինի օտարման կամ վարձակալման հետ։ Դրանցից միայն Կոմիտասի 5ա հասցեում է հաջողվել հասնել դրական լուծման։ Մնացած խնդիրները մնում են օդում կախված, իսկ որոշ դեպքերում բնակիչները հուսահատ կռիվ են տալիս սեփական միջավայրի պահպանման համար։

Մենք կարծում ենք, որ Երեւանում հանուն մասնավոր շահի հանրային զբոսայգիների հողակտորների վայրենի յուրացումը հասել է իր գագաթնակետին, ինչի արդյունքում քաղաքում մնացել են մի քանի ծառախմբեր, որոնք այլեւս բավարար թթվածին չեն արտադրում Երեւանի բնակիչների համար։ Ըստ այդմ, ժամանակն է, որ Երեւանի համայնքը բավարար ֆինանսներ հատկացնի հանրային այգիների խնամքի եւ բարեկարգման համար՝ չապավինելով մասնավոր կապիտալին։

Նախորդ քաղաքապետի օրոք տեղեկատվություն ստանալը եւ հարցերի լուծմանը հասնելը մեզ համար ծանրագույն խնդիր է հանդիսացել, քանի որ բնակիչները բախվում էին ոչ թափանցիկ ու գաղտնի որոշումների եւ պաշտոնյաների մերժողական վերաբերմունքի հետ։

Ողջունելով Երեւանում կառավարման նոր մշակույթ ձեւավորելու Ձեր նպատակը՝ հուսով ենք, որ քաղաքապետի պաշտոնում Ձեր աշխատանքի ընթացքում վերոնշյալ խնդիրները կլուծվեն երկխոսության եւ կառուցողական լուծումների ճանապարհով։ Բնականաբար մեզ համար ամենամտահոգիչ հարցը ավերվող Ուսանողական այգին է։ Որպես հասարակական հիմունքներով Երեւանի խնդիրներով զբաղվող քաղաքացիներ պատրաստ ենք մեր հնարավորությունները ներդնել կանաչ եւ բարձր մշակույթի քաղաք ունենալու համար, որի բնակիչներն իրենց կզգան Երեւանի լիարժեք տերը։

Օգտվելով առիթից` առաջարկում ենք մոտ ապագայում հանդիպում կազմակերպել` մայրաքաղաքում առկա բնապահպանական խնդիրները քննարկելու նպատակով»: