Forbes ամսագիրը հրապարակել է ամենահարուստ անձանց ցուցակը, ովքեր անցնող տարում ամենաթանկարժեք գնումներն են կատարել:

Ցուցակը գլխավորում է ռուս Ռոման Աբրամովիչը: Ամսագրի տվյալներով՝ նա Սանկտ-Պետերբուրգի կենտրոնում 400 մլն դոլարով գնել է «Նոր Հոլլանդիա» կղզին: Աբրամովիչի կարողությունը Forbes-ը գնահատել է 11,2 մլրդ դոլլար:

Երկրորդ տեղում է հեջ-ֆոնդի ղեկավար Սթիվեն Քոենը, ով 2010-ին ժամանակակից արտ-շուկայում 145,4 մլն դոլարի ներդրում է կատարել: Քոենը գնել է Էնդի Ուորհոլի «Կոկա-Կոլան» եւ Ջասփեր Ջոնսոնի «Ֆլագ»-ը:

Առաջատարների եռյակը եզրափակում է Պակիստանի առաջին միլիոնատեր Միան Մուհամմեդ Մանշան: Վերջինս ձեռք է բերել լոնդոնյան յուրօրինակ St.James Hotel&Club-ը: Սրահի ամեն սենյակը արժեցել է 1,5 մլն դոլար, իսկ գնումի ընդհանուր արժեքը 95 մլն է եղել:

Ցուցակում հայտնվել է նաեւ աշխարհի ամենահարուստ մարդ Կարլոս Սլիմն ու նավթագազային մագնատ Քելսի Ուորենը: Կարլոս Սլիմը 44 մլն դոլարով Նյու-Յորքի «Մետրոպոլիտենի» թանգարանի դիմաց գնել է շքեղ առանձնատուն, իսկ Ուորենը՝ ԱՄՆ-ում ամենամեծ ռանչոն՝ 46,5 մլն դոլարով: