Դեկտեմբերի 24-ին տեղի կունենա մարզային հեռուստատեսություններին լիցենզիա տրամադրելու մրցույթը։ Հայտեր ներկայացրած հեռուստատեսությունների թվում են նաեւ Գյումրիում հեռարձակվող «Ցայգ»-ը, «Գալա»-ն եւ այլ մարզային հայտնի հեռուստաընկերություներ:

Սակայն արդեն կարծիքներ կան, որ ընդդիմադիր կեցվածքով աչքի ընկնող Շիրակի «Գալա» հեռուստաընկերությունը լիցիենզիա չի ստանա եւ կմիանա «Ա1+»-ին ու «ԱԼՄ»-ին:

«Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե»-ի նախագահ Աշոտ Մելիքյանն այսօր՝ դեկտեմբերի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը (ՀՌԱՀ) միշտ էլ կողմնակալ է եղել եւ շարունակում է այդպիսին մնալ։

«ՀՌԱՀ-ը չի աշխատում թափանցիկ, կախված է գործադիր իշխանությունից, եւ նրա որոշումները միշտ էլ  կանխորոշված են լինում»,-ասաց Ա. Մելիքյանը։

Ինչ վերաբերում է այս ուրբաթ կայանալիք մարզային հեռուստաընկերությունների լիցենզավորման մրցույթին, Ա. Մելիքյանը կոչ արեց կանխատեսումներ չանել:

«Եկեք կանխատեսումներ չանենք, բայց այն, որ Գրիգոր Ամալյանը չի սիրում «Ա1+»-ին այնքան, որքան՝ «Գալա»-ին, դա միանշանակ է»,- ասաց «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե»-ի նախագահը: