Տեխնոլոգիաների զարգացումը պահանջում է վերանայել հեռուստաընկերությունների լիցենզավորման գործընթացը։ Չպետք է խոչընդոտել հեռարձակողների աշխատանքն այդ թղթով՝ լիցենզիայով։ Այս մասին դեկտեմբերի 21-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է պարզեցնել լիցենզավորման գործընթացը, քանի որ ներկայիս տեխնոլոգիական զարգացումը բերում է նրան, որ այդ բարդ պրոցեսներն ուղղակի ավելորդություն են դառնում։

«Ներկայումս տեխնոլոգիաները բազմաթիվ հնարավորություններ են բերում եւ չի կարելի ասել դու ինտերնետով չհեռարձակես, որովհետեւ ես քեզ լիցենզիա չեմ տվել»,- ասաց Ա. Մելիքյանը։ Նրա գլխավորությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը քննարկել է հեռարձակման ոլորտում առկա օրենսդրական թերությունները եւ մշակել է առաջարկություների փաթեթ, որը շուտով կներկայացվի կառավարության ուշադրությանը։ Նոր առաջարկությունների փաթեթի ընդունման պարագայում  գրեթե բացառվում է լիցենզիա ստանալու մերժումը:

«Հեռարձակողները թող ազատ մրցակցեն բովանդակային, ֆինանսական եւ տեխնիկական առումներով, արդյունքում լավագույնները կմնան, իսկ վատագույնները ուղղակի չեն դիմանա, իսկ հեռուստադիտողը կկատարի իր ընտրությունը»,- ասաց Ա. Մելիքյանը: