Անցնող՝ 2010 թվականի ընթացքում հանրապետությունում արձանագրված միակ դրական երեւույթը պերճախոս ելույթների առատությունն էր: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ամփոփելով 2010 թվականը, նշեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը: «2010 թվականին մենք այնքան ականներ ենք դրել 2011 թվականի համար, որ դրա ապտակները դեռեւս ուտելու ենք 2011 թվականին: Երբ ապահովագրության անվան տակ մի քանի ընկերություններ ուղղակի սկսեն կողոպտել ժողովրդին, երբ մարդիկ ուղղակի ընկղմվեն հարկային անտանելի բեռի տակ, պատկերի ողբերգականությունը միանշանակ կդառնա»,-հայտարարեց Սաֆարյանը: Պատգամավորը ցավալի համարեց, որ այս գորշ «գույներից» բացի ուրիշ գույներ չի տեսնում:

Նա անդրադարձավ նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի վերջին ելույթին՝ նշելով. «Խոսք չունեմ հանրապետության նախագահի վերջին ելույթի շեշտադրումների հետ կապված, բայց ուզում են հիշեցնել, որ այդ ելույթները մարտահրավերներ են հենց իր համար, մարտահրավեր են դրանք իրականացնելու առումով»: «Ժառանգություն» խմբակցության ղեկավարն առաջարկեց, որ Սերժ Սարգսյանի ելույթին գնահատականներ տան ոչ թե ինքն ու իր թիմակիցները, այլ  ժողովուրդը:

Պատգամավորի խոսքով՝ ժողովուրդը պետք է որոշ ժամանակ անց գնահատական տա, թե, արդյոք, արդարացվա՞ծ էին կառավարությունում տեղի ունեցած  փոփոխությունները, արդյոք դա կհանգեցնի՞ որակական փոփոխությունների, կոռուպցիայի նվազեցման, ժողովրդավարության մակարդակի աճի: «Ուրախ եմ, որ հանրապետության նախագահը  այսպիսի խիզախ մարտահրավերներ է նետել ինքն իրեն»,-նշեց Սաֆարյանը:

Ասուլիսին ներկա «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը 2010 թվականը գնահատեց բժշկական բառապաշարով՝ «կայուն ծանր»: Նա նշեց, որ երկրի արտաքին քաղաքական ոլորտում դրական եւ ոչ մի տեղաշարժ չի արձանագրվել, մասնավորապես՝ հայ-թուրքական գործընթացի եւ ԼՂ խնդրի կարգավորման  ուղղությամբ: «Այս տարին եկավ փաստելու, որ նախաձեռնողական քաղաքականությունը սխալ էր եւ դրա արդյունքները մենք մինչեւ հիմա տեսնում ենք»,-նշեց նա: