ԱՄՆ-ն, հայտնի  լինելով որպես դեմոկրատիայի ջատագով ու պահապան, առաջինը պետք է մտահոգ լինի, որ Կոնգրեսը վավերացնի Հայոց ցեղասպանության վերաբերյալ 252-րդ բանաձեւը: Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

Նրա խոսքով, ԱՄՆ-ի խնդիրն է ճանաչել մարդկության դեմ գործված հանցագործությունն, այլապես ԱՄՆ-ի որպես ժողովրդավարության պահապանի նկարագիրը միջազգային ասպարեզում կսկսի երերալ:

«Ցավոք, այս պահին ԱՄՆ-ի համար Թուրքիայի հետ հարաբերությունները ավելի մեծ կարեւորությաուն ունեն, քան Ցեղասպանության ճանաչումը. գերիշխում են պետական շահերը եւ պետական մեքենան այդ ուղղությամբ է աշխատում»,-նշեց թուրքագետը:

Նրա համոզմամբ՝ ԱՄՆ-ի կողմից Ցեղասպանության արդարացի գնահատման հարցում առավել որոշակի քայլեր կարելի է սպասել այն ժամանակ, երբ վերջինիս շահերը համընկնեն ճանաչման հարցում: «Հայկական լոբբիստական խմբերի աշխատանքը գնահատելի է, սակայն կարծես բավարար չէ. այս աշխատանքի ավելի էական արդյունքները կարելի է տեսնել այն առումով, որ Թուրքիայի մեջ հասարակական որոշակի շերտեր սկսել են քննարկումներ ծավալել»,-ընդգծեց Ռ. Մելքոնյանը: