Հարավային Կովկասում 2011-ին իրականացվելիք ԱՄՆ քաղաքականությունն իր անմիջական ազդեցությունը կունենա Հայաստանի վրա։ Դեկտեմբերի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման համոզմունք հայտնեց Ռուսաստանի աշխարհաքաղաքական ակադեմիայի փոխնախագահ Արա Սարգսյանը։

«2011-ին ԱՄՆ կողմից տարածաշրջանում ծավալած գործողություններն ուղղակիորեն կանդրադառնան նաեւ Հայաստանի վրա»,- ասաց նա։

NEWS.am-ի հարցին, թե հատկապես ի՞նչ առումներով, փորձագետը պատասխանեց. «Չի բացառվում, որ WikiLeaks-ի միջոցով լինեն արտահոսքեր, ասենք հոկտեմբերի 27-ի, մարտի 1-ի իրադարձությունների կամ հայ-ադրբեջանական բանակցությունների մանրամասների վերաբերյալ, թե, օրինակ, ինչ են պայմանավորվում երկու կողմերն իրար հետ։ Սա, անշուշտ, կբերի ներքաղաքական անկայունության եւ լարվածության։ Բայց ինչո՞ւ է այս ամենն արվում։ Որովհետեւ ԱՄՆ-ին  ձեռնտու չէ Հայաստանի ռուսամետ քաղքականությունը, ինչպեսեւ Ռուսաստանին  ձեռնտու չէ մեր ամերիկամետ քաղաքականությունը։ Լարվածություն կարող է առաջանալ նաեւ ԱՄՆ-ի կողմից Ցեղասպանության ճանաչման-չճանաչման, ինչպես նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցի մասով, որի բանալին, իրականում, ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնի ձեռքում է»: