Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը նախընտրում է արտասահմանցի լրագրողներին ընդունել եւ հարցազրույց տալ իր կաբինետում։ Արտասահմանցի լրագրողներն էլ այնուհետեւ ընդհանուր գծերով նկարագրում են վարչապետական կաբինետը՝ հավանաբար դա ժամանակակից ժուռնալիստիկայի ոճից է։ Սակայն խնդիրն այն է, որ տարբեր լրագրողներ տարբեր կերպ են ներկայացնում վարչապետի կաբինետը, իսկ հայ լրագրողները դա ստուգելու ոչ մի հնարավորություն չունեն՝ վարչապետը նախընտրում է մեզ հետ շփվել ճեպազրույցների միջոցով։

Ուկրաինական «Պրոֆիլ» թերթի լրագրողուհի Վարվարա Ժլուկտենկոն հոկտեմբերին է եղել ՀՀ վարչապետի մոտ, եւ այնուհետեւ գրել, որ նա աշխատում է անհարմար կաբինետում՝ մեծ եւ խորհրդային տիպի։ Իսկ սեղանն էլ լեցուն է եղել թղթերով։ Այս վերջին դիտողությունը հավանաբար կառավարությունում լուրջ են ընդունել, քանի որ երբ դեկտեմբերին վարչապետին է այցելել РБК daily-ի լրագրող Պյոտր Կիրյանը, վարչապետի սեղանն արդեն կիսադատարկ էր։ Համենայնդեպս՝ ռուս լրագրողը դա այդպես է ներկայացրել, եւ շեշտել, որ սեղանի վրա թղթեր շատ չկան, եւ ընդհանրապես՝ վարչապետի սենյակում ոչ մի ավելորդ բան չկա։ Թղթերի պակասությունը վարչապետը բացատրել է նրանով, որ այդ սենյակում միայն աշխատանքային խորհրդակցություններ են տեղի ունենում, իսկ կառավարությունը հավաքվում է դահլիճում։

Լրագրողը նկատել է, որ վարչապետի կաբինետի պատին Հայաստանի նկարն է, իսկ կաբինետի անկյունում՝ գրառումների համար նախատեսված պլանշետն է (գրառումների էլեկտրոնային տարբերակ)։ Հայաստանի նկարը հարցազրույցի հետ մեկտեղ զետեղված է նաեւ www.rbcdaily.ru կայքում։

Չգիտենք՝ որքանով է սույն նկարը համապատասխանում վարչապետի սենյակում գտնվող նկարին, սակայն նշենք, որ դրանում Հայաստանի եւ հարեւան երկրների սահմանները տրված են աղավաղված ձեւով։ Այսպես՝ Հայաստանի զգալի հատված գունավորված է Նախիջեւանի հետ, իսկ Լեռնային Ղարաբաղը որեւէ ձեւով առանձնացված չէ (տես՝ http://www.rbcdaily.ru/2010/12/22/focus/562949979449790) ։