Այսօր՝ դեկտեմբերի 22-ին տեղի է ունեցել Երիտասարդ առաջնորդների դպրոցի (ԵԱԴ) ավարտական արարողությունը: Շուրջ 40 երիտասարդներ, որոնք այսօր միջին ու բարձր մակարդակի ղեկավարներ են պետական, մասնավոր ու հասարակական ոլորտում, ստացել են դպրոցի ավարտական վկայագրեր, իսկ ավելի քան 90 սան՝ մասնակցության միջանկյալ հավաստագիր: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունից:

Միջոցառմանը մասնակցել են փոխնախարար Արսեն Քարամյանը, «Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնի» Սամվել Մերթարջյանը:

Երիտասարդ առաջնորդների դպրոցի ղեկավար Արտակ Շաքարյանը կարեւորել է երիտասարդների դերը ՀՀ պետականաշինության գործում. «Հայաստանի զարգացման հիմնաքարը երիտասարդությունն է՝ կրթված, փոփոխությունների պատրաստ, գաղափարի շուրջ միավորված, բարոյական բարձր չափանիշներ ունեցող երիտասարդությունը: Մենք հավատացած ենք, որ ունենալով նման հատկանիշներով օժտված երիտասարդների մի ստվար շերտ մեր հասարակությունում՝ Հայաստանը կկարողանա հասնել դրական փոփոխությունների ու բարձրանալ որակական նոր մակարդակի»,- ասել է նա:

Նշենք, որ Երիտասարդ առաջնորդների դպրոցն աշխատանքներն սկսել է 2006թ. գարնանը եւ գործում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության «Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնի» կազմում:

2006թ. մինչեւ այսօր դպրոցում կազմակերպվել է 15 ընդունելություն, որին դիմել է ընդհանուր առմամբ ավելի քան 3375 երիտասարդ, որոնցից ընդունվել են 562-ը: Ներկայումս դպրոցի սաների թիվը 252 է: Դպրոցի դասախոսական կազմում ընդգրկված են ոչ միայն փորձառու մասնագետ դասախոսներ, այլեւ հասարակական-քաղաքական ականավոր գործիչներ: