Թերթը գրում է, որ չորս թեթեւքաշայինների մասնակցությամբ մրցաշարի մեկնարկային մենամարտում մեքսիկացի Աբներ Մարեսից Վախթանգ Դարչինյանի կրած պարտությունը եւ դրան հաջորդած հայտարարությունները, կարծում ենք, շատերի մեջ հարցերի շարան առաջացրին: Հայ չեմպիոնի անձնական մարզիչ, Հայաստանի վաստակավոր մարզիչ Վազգեն Բադալյանը, ներկայացրել է կադրից դուրս մնացած ուշագրավ մանրամասներ:
Այդ մենամարտի մասին կարծես թե բավականաչափ ասվել ու խոսվել է: Ձեր կարծիքով, ինչո՞ւ պարտվեց Դարչինյանը:
Հիմնականում աչառու մրցավարության պատճառով: Մեզ հաջողվեց ստանալ մրցավարական գրառումների պատճենը, որից ապշած պարզեցինք, որ մրցավարներից մեկը ջնջել, փոխել է իր իսկ նախապես նշած գնահատականները: Դա ցնցող փաստ է: Սակայն գխավոր մեղավորն է ռինգի մրցավարը, որը Վախթանգին նոկդաուն է հաշվել, այն դեպքում, երբ Մարեսի ձեռքը թեթեւակի քսվել է մեր մարզիկի դեմքին: Նույն այդ մրցավարն անընդհատ անտեղի որոշումներով խանգարում էր Վախթանգին մենամարտել: Ի վերջո, նա կարողացավ մեր մարզիկին հանել հավասարակշռությունից, ինչն էլ անմիջական ազդեցություն ունեցավ մենամարտի ելքի վրա: Ավելին` 4-րդ թե 5-րդ ռաունդում Վիկը նույնիսկ բացատրություն պահանջեց նրանից, բայց մրցավարն անդրդվելի էր. մինչեւ վերջ չփոխեց իր վարքագիծը:
Այսինքն` պարտությունը բացառապես մրցավարի խղճի՞ն է:
Գերազանցապես այո: Սակայն Վախթանգն ինքն էլ մի պահ թուլացավ: Երբ 2-րդ ռաունդում բավական ծանր նոկդաունի ենթարկեց մրցակցին, կարծես թե մի փոքր շփոթվեց: Դրանից հետո անհրաժեշտ էր մի քանի հարվածաշարով ավարտին հասցնել գործը: Այդ դեպքում մրցավարը պարտավոր կլիներ դադարեցնել մենամարտը: Վախթանգը դա չարեց, հետ քաշվեց: Ասում է, ուզում էր մի քիչ էլ բռնցքամարտել, վստահ լինելով, որ ուժեղ է մեքսիկացուց եւ հաղթանակը բաց չի թողնի: Ներքին ինքնավստահությունը խանգարեց նրան: Հետո արդեն մրցավարի անդադար միջամտությունները նյարդայնացրել էին նրան, շեղել կանոնավոր հունից: Դրա պատճառով էլ նա արդեն չդրսեւորեց իր ունակությունները, հանդես չեկավ նախաձեռնողի դիրքից: Բացի այդ, նախորդ ռաունդների արդյունքով հաղթական առավելություն ունենալով, մենամարտի վերջում անցավ «կլինչի»: Այսինքն` անցում էր կատարում եւ բռնում մրցակցին, որպեսզի պահի առավելությունը: Դա, ի դեպ, կանոնների խախտում չէ: Վստահ էինք, որ հաղթանակը նրան են շնորհելու:





























