Հանրապետականները սովորություն ունեն իրենք իրենց գովելու, թեեւ իրականում գովելու տեղ չկա: Այսօր՝ դեկտեմբերի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

«ԿԳ նախարարը ներկայացնում է հայոց լեզվի սահմանափակման օրինագիծ ու ասում է, թե հանուն հայոց լեզվի է: Իշխանությունը 4 տարվա մեջ մի կիսատ քայլ է արել, դա ծննդաբերության սերտիֆիկատների կազմակերպումն է, որը մի փոքր մեղմեց խայտառակ վիճակը: Ի դեպ, դա չկար Սերժ Սարգսյանի ծրագրում, այլ ընդդիմության ծրագրից է»,- նկատեց նա:

Բագրատյանի ներկայացմամբ, ներկա կառավարությունը եկող տարվա համար ոչինչ չի նախատեսվում եւ նույնիսկ գաղափար չունեն, թե ինչ պետք է անել: «Ինձ նույնիսկ թվում է, թե նախագահն ավելի շատ է սկսել հասկանալ տնտեսությունից, քան վարչապետը: Ասում է, որ կոռուպցիան խեղդում է: Միգուցե ձեւի համար է ասում, բայց ասում է, իսկ վարչապետը կառավարությունում աղոթք է անում, տերտերների հետ էլ հայտնվում էկրաններին»,- իրավիճակը պատկերավոր նկարագրեց նախկին վարչապետը:

Շարունակելով եկեղեցու թեման նա նաեւ ընդգծեց. «Կատաղի հակառակորդ եմ հայ առաքելական եկեղեցու կառույցի, որն անպատժելի կառույց է, Քրիստոնեության ու հավատքի հետ կապ չունեցող: Այդ կառույցը 3-4 անգամ կործանել է հայոց պետականությունը:

Բայց ես հավատացյալ եմ Հայ առաքելական եկեղեցու, ու կարծում եմ, որ պիտի փոխվի: Ո՞վ է սահմանում մոմի գինը, զբաղվում են առողջապահությամբ, ֆինանսներով: Եկեղեցին հիմնականում ռեակցիոն կառույց է: Այս մասին մենք լռում ենք, չենք սիրում խոսել: Իբրեւ թե շատ մի պրոգրեսիվ կառույց է, հիմա էլ մտել է կառավարություն: Ի՞նչ կապ ունեն կառավարությունն ու եկեղեցին»: