Դեկտեմբերի 22-ին Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն ընդունել է «Վեոլիա ջուր» ընկերության միջազգային առաքելությունների պատասխանատու, մայր գրասենյակի խորհրդի անդամ Պիեռ Բրյունեին եւ «Երեւան ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Պասկալ Ռուայեին:

Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման նպատակը «Վեոլիա» եւ «Երեւան Ջուր» ընկերությունների վարձակալության պայմանագրի շրջանակներում որոշակի գործառույթների, ինչպես նաեւ ջրամատակարարման եւ ջրահեռացման ծառայություններին առնչվող հարցերի քննարկումն էր:

«Երեւան ջուր» ընկերության գլխավոր տնօրենը քաղաքապետին ներկայացրել է անցած 5 տարիների ընթացքում ընկերության կողմից մայրաքաղաքում իրականացված ծրագրերը: Քաղաքապետն ընդգծել է, որ առաջին հերթին «Երեւան ջուր» ընկերության կողմից մեր համաքաղաքացիների համար մայրաքաղաքում պետք է ապահովվի որակյալ եւ անխափան ջրամատակարարում, ինչն ընկերության պայմանագրային պարտավորությունն է:

Կարեն Կարապետյանի առաջարկությամբ «Երեւան ջուր»-ն առաջիկայում կներակայացնի մայրաքաղաքում ընկերության կողմից առ այսօր իրականացրած ներդրումները, ինչպես նաեւ կներկայացնի ջրային կորուստների եւ հավաքագրման արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն: Երեւանի քաղաքապետն ընդգծել է, որ մայրաքաղաքի բնակչության սոցիալական խնդիրները պետք է լինեն օրակարգային եւ նմանատիպ հանդիպումները հաճախակի բնույթ կկրեն: