Հայաստանի կառավարությունն այսօր՝ դեկտեմբերի 23-ին հավանություն է տվել «Ազատ տնտեսական գոտիների մասին» ՀՀ օրենքի նախագծին, փոփոխություններ եւ լրացումներ առաջարկել վեց այլ օրենքներում, որոնք պարունակում են համանման դրույթներ։

Վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայացմամբ՝ օրինագիծն ունի առանձնահատկություն։ Այնտեղ բավական լուրջ ֆիլտր է դրվում հնարավոր ռիսկերի առջեւ` ծրագրերն իրականացնելուց առաջ դրանք նախապես պետք է արժանանան կառավարության հավանությանը, լինեն հասկանալի, թափանցիկ եւ կառավարելի։

Օրենքի նախագծի համաձայն՝ ազատ տնտեսական գոտին լինելու է Հայաստանի մաքսային սահմաններից դուրս։

Հայաստանում Ազատ տնտեսական գոտիների ստեղծման առաջին նախաձեռնությունը եղել է դեռեւս 2001թ.՝ կառավարության եւ Է. Էռնեկյանի  «Կորպորացիոն Ամերիկա ՍԱ» ընկերության  միջեւ կնքված պայմանագրի շրջանակում: Սակայն այդ նախաձեռնության շրջանակում աշխատանքները դանդաղում են, քանի որ ի սկզբանե հստակ չեն սահմանվել Ազատ տնտեսական գոտիների ստեղծման, գործունեության կազմակերպման եւ լուծարման ընթացքում ծագող իրավահարաբերությունները:

Ըստ էկոնոմիկայի նախարարության ներկայացրած բացատրության՝ «Ազատ տնտեսական գոտիների մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը կնպաստի «Զվարթնոց» օդանավակայանի հարակից տարածքում, Գյումրի քաղաքում եւ «Մարս» ՓԲ ընկերության տարածքում ազատ տնտեսական գոտիների ստեղծման համար բարենպաստ օրենսդրական հիմքի ապահովմանը: