«Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնը հրատարակել է Հայաստանի երրորդ ազգային մրցունակության զեկույցը։ Դեկտեմբերի 24-ին տեղի ունեցավ զեկույցի շնորհանդեսը, որը վերնագրված է «Հայաստանի ազգային մրցունակության զեկույց 2010. Բարձրագույն կրթության մարտահրավերները»։

Զեկույցում վերլուծվել է Հայաստանի տնտեսության կատարողականը, մրցունակության միջազգային դիրքը, Հայաստանի բարձրագույն կրթության հիմնախնդիրները մրցունակության համատեքստում եւ առաջադրվել Հայաստանում միջազգայնորեն մրցունակ բարձրագույն կրթության ձեւավորման ռազմավարությունների այլընտրանքները:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը ողջույնի խոսքում կարեւորելով զեկույցն, ասաց, որ այն հիմք կհանդիսանա պրակտիկ գործողությունների համար, քանի որ մրցունակության բարձրացումը տնտեսական զարգացման գրավականներից է։  «Ամենակարեւորն այն է, որ պետք է տնտեսական գործունեությունն իրականացնենք պրակտիկ գործունեությամբ եւ ռեալ արդյունքներով, ինչի համար պետք է գնահատենք իրական իրավիճակը»,-ասաց նախարարը:

Զեկույցի համաձայն՝ Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտի զարգացումը խոստումնալից է՝ հաշվի առնելով առկա նախադրյալները։

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը զեկույցը որակեց, որպես բավականին ազնիվ: «Այն պատրաստված չէ դիտարկելով բարձրագույն կրթությունը լոկ որպես գործարան կամ ֆաբրիկա, այլ անհատը, քաղաքացին պետք է ունենա նաեւ արժեք, իսկ կարեւորագույն դիտարկումներից մեկը որ զեկույցում կարմիր թելի պես անցնում էր, գիտելիքի արժեւորման կարեւորությունն է»,-ասաց ԿԳ նախարարը։ Նրա խոսքով՝ ազնիվ զեկույց լինելու հանգամանքներից մեկը նաեւ այն էր, որ հեղինակները մատնանշել էին, որ ամեն ինչ չէ որ վատ էր բարձրագույն կրթության համակարգում։

«Ֆինանսները շատ բան են որոշում, իսկ հեղինակային խմբի կողմից առաջակված ռազմավարության տարատեսակները պահանջում են ֆինանսավորում։ Բարձրագույն կրթությունը թանկ գործընթաց է, որակյալ բարձրագույն կրթությունը՝ առավել թանկ։ Այն երկիրը որ ուզում է իրականում ունենալ բեկումնային փոփխություններ, պետք է պատրաստ լինի բեկումնային ներդրումների»,-ասաց Ա. Աշոտյանը՝ ընգծելով նաեւ ներքին ռեսուրսների առկայության մասին։

Տիգրան Դավթյանն էլ նշեց, որ ֆինանսները իհարկե կարեւոր են, սակայն հաճախ կարեւոր է ոչ միայն ֆինանսական ռեսուրների ծավալը, այլեւ այդ ֆինանսական ռեսուրսների օգտագործման արդյունավետությունը «Մեր մրցունակության ցուցանիշը կախված է այդ ռեսուրսների կիրառման արդյունավետությունից»:

Նշենք, որ Ազգային մրցունակության զեկույցի մշակմանն աջակցել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Հայաստանի մասնավոր մրցունակ հատված»(CAPS) ծրագիրը, ինչպես նաեւ Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը, «Սթար Դիվայդ», «Փրինթինֆո» եւ «Ի-Վի Քոնսալթինգ» ընկերությունները։