Լոս Անջելեսում գործող «Հայ Քաղաքացիական Հասարակություն. Մարդու Իրավունքների Պաշտպանության Ընկերակցությունը հայտարարություն է տարածել կապված ՀՌԱՀ-ի կողմից «Ա1+»-ին եթեր չտրամադրելու որոշմանը: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«2010թ Դեկտեմբերի 16-ին ՀՌԱՀ-ը կատարելով ՀՀ քաղաքական իշխանությունների պատվերը կրկին, ակնհայտ եւ ապօրինի խախտումներով մերժեցին«Ա1+» անկախ (ժողովրդական) հեռուստաընկերությանը եթեր հեռարձակվելու իրավունքից:
ՀՀ քաղաքական իշխանությունների կողմից իրակականացված այս քայլը եւս մեկ անգամ հաստատում է, որ ի դեմս այս խմբի Հայաստանը ձեւականորեն է անդամակցում ԵԱՀԿ-ին եւ չի պատրաստվում կատարելու իր իսկ կողմից ստանձնած միջազգային իր պարտավորությունները: Մասնավորապես իր այս քայլով քաղաքական իշխանությունները մերժեցին կատարելու «Ա1+»-ի վերաբերյալ կայացրած Եվրոպական դատարանի որոշումը:
Քաղաքական իշխանությունների այս որոշումը ապացույցն է այն բանի, որ նրանք պետականորեն արգելում են ՀՀ քաղաքացիներին` անհատներին եւ հասարակական, հասարակական-քաղաքական միավորումներին, ազատորեն ստանալու տեղեկատվություն, ինչպես նաեւ իրացնելու իրենց ազատ արտահայտվելու իրավունքը Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս: Իշխանությունների քամահրական եւ ցինիկ վերաբերմունքը ՀՀ քաղաքացիների նկատմամբ, եւս մեկ անգամ ապացուցում է, որ նրանք չեն վայելում հասարակության մեծամասնության վստահությունը եւ պատրաստվում են կրկին պետական հեղաշրջման:
«Ա1+» հեռուստաընկերության վերաբացումը` հեռուստաեթերում հեռարձակվելու իրավունք ունենալը, այլ ոչ թե հեռուստաեթերով հեռարձակվելու իրավունք շնորհելը, հասարակական պահանջ է եւ այն պետք է իմպերատիվ կարգով կատարվի ՀՀ իշխանությունների կողմից: ՀՀ Սահմանադրությունը ուղղակիորեն պահանջում է ապահովելու ՀՀ քաղաքացիների ազատ արտահայտվելու եւ տեղեկատվություն ստանալու իրավունքը եւ այդ պահանջը պետք է կատարվի:
«Հայ Քաղաքացիական Հասարակություն» Մարդու Իրավունքների Պաշտպանության Ընկերակցությունը պահանջում է ՀՀ քաղաքական իշխանություններից կատարելու ՀՀ Սահմանադրության, ՀՀ Քաղաքացիների, Եվրադատարանի պահանջը` վերաբացելու «Ա1+» հեռուստաընկերությունը` տալ նրան հեռուստաեթերով հեռարձակվելու իրավունք»:





























