Հայաստանի մշակույթի նախարարության եւ «Հրանտ Մաթեւոսյան» հիմնադրամի կողմից կազմակերպվել էր  Հրանտ Մաթեւոսյանի 75-ամյակին նվիրված երաժշտական երեկո, որի ընթացքում հնչել են հատվածներ Մաթեւոսյանի արձակից` զուգակցվելով երաժշտական դասական կատարումներով։

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Հրանտ Մաթեւոսյանի մասին իր հիշողություններն է կիսել ներկաների հետ, նշելով, որ իր եւ գրողի ծանոթությունը կայացել է ուղիղ 20 տարի առաջ` 1990 թվականին Գերագույն խորհրդում։ Նրա խոսքով, ինքը շատ դասեր է քաղել Մաթեւոսյանի խորհուրդներից։

«Երջանիկ եմ, որ ինձ բախտ է վիճակվել առնչվել, լսել, քննարկումներ ունենալ նրա հետ։ Դրանք ինձ համար շատ կարեւոր են եղել եւ ապագայում էլ կլինեն»,-նշել է վարչապետը` ընդգծելով, որ նախապատրաստական աշխատանքների ժամանակ հանձնաժողովը ձգտել է հաշվի առնել նաեւ ընտանիքի անդամների կարծիքը։ Գնահատելով հայ արձակի ռահվիրաներից մեկի կերպարը Տիգրան Սարգսյանը նշել է.«Մաթեւոսյանը տաղանդաշատ գրող էր, որին կենդանության օրոք ժողովուրդը մեծարեց, արժեւորեց նրան։  Դա հաճախ չի լինում, բայց Հրանտ Մաթեւոսյանը վայելում էր ժողովրդի սերն ու հարգանքը»։

Այնուհետեւ տեղի է ունեցել Հրանտ Մաթեւոսյանին նվիրված կայքի շնորհանդեսը, որից հետո ներկաները դիտել են հայ մեծանուն գրողի կյանքին ու անցած գրական ուղուն նվիրված ֆիլմ։