Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր՝ դեկտեմբերի 29-ին ընդունել է Տիգրան Մեծի ծննդյան 2150-ամյակին նվիրված տոնակատարությունների շրջանակում ՀՀ վարչապետի հովանու ներքո կազմակերպված մեկ աշխատանքի ցուցահանդես-մրցույթում հաղթողներին:

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետը շնորհակալություն է հայտնել արվեստագետներին ընթացիկ տարում ծավալած ազգանվեր գործունեության համար եւ մաղթել նորանոր հաջողություններ 2011 թվականի ընթացքում:

Աշխարհի հայ նկարիչների միավորման համանախագահ Ղազար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին տոնակատարությունների անցկացման գործում ցուցաբերած աջակցության համար եւ անդրադարձել 2011 թ. կազմակերպվելիք միջոցառումներին ու ցուցահանդեսներին:

Հաղթող ճանաչված աշխատանքների հեղինակները վարչապետ Սարգսյանի կողմից պարգեւատրվել են Վարդգես Սուրենյանցի անվան մեդալներով եւ վկայագրերով: Ցուցահանդեսում լավագույնն են ճանաչվել գրաֆիկայի ճյուղում` Անահիտ Զարդարյանի «Մանեկեններ», դեկորատիվ արվեստի ճյուղում` Շահեն Ասլանյանի «Վերածնունդ», գեղանկարչության ճյուղում` Սրապիոն Դանիելյանի «Մոշ վաճառող ծերունին» եւ քանդակի ճյուղում` Հարություն Կարապետյանի «Առյուծ Մհերը» ստեղծագործությունները: Ի դեպ, Վարդգես Սուրենյանցի անվան մեդալները` պատրաստված Աշխարհի հայ նկարիչների միավորման կողմից, հանձնվում էին առաջին անգամ:

Արվեստագետները խոսել են իրենց տպավորությունների եւ առաջիկա ծրագրերի մասին: