«2010 թվականին  ԱՊՊԱ օրենքի ընդունվելուց եւ 2011-ի հունվարի 1-ից գործելուց հետո Ճանապարհային ոստիկանությունը, վարչական օրենքի համաձայն, ընդամենը կատարելու է իր պարտականությունները եւ ինչպես ընդունված է օրենքով, այնպես էլ անելու ենք»,- դեկտեմբերի 29-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարեց Ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանը։

«Ավել բան չեմ կարող ասել։ Մենք ընդամենը պարտադիր ԱՊՊԱ մասով վարչարարություն ենք իրականացնում, մենք այդ կառույցների հետ ոչ կապ ունենք, ոչ էլ նրանց հետ համագործակցելու այլ բան։ Չեմ կարող նաեւ պատասխանել այն հարցին, թե հնարավո՞ր է, որ գործընթացը հետաձգվի։

Այսօրվա դրությամբ նման հարց չի քննարկվում, ինձ նման հանձնարարություն չի տրվել»,- պարզաբանեց Մարգարյանը:

NEWS.am-ի հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ՀՀԿ 20-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ որոշ մարդկանց՝ թիկնազորով շրջել-չշրջելու հարցին՝ ՃՈ պետն ասաց. «Երկրի ղեկավարի ելույթը լսել ենք, ոստիկանապետից այդ մասով ցուցում ստացել ենք եւ անցել ենք դրա կատարմանը։ Դա չի վերաբերում միայն Երեւանին, այլ նաեւ ամբողջ հանրապետությանը։ Արդեն ունենք արդյունքներ, ընդ որում բավական հետաքրքրական»:

Նրա խոսքով Սերժ Սարգսյանի հայտարարության հաջորդ օրվանից իրենք ուշադիր են այդ հարցում: «Ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման 2-3 դեպք ունենք։ 2 դեպքում պատժվել են հետեւից եկող մեքենաները, մեկ դեպք էլ ունենք, որի ժամանակ թեպետ խախտումներ չեն գրանցվել, սակայն կանգնեցրել եւ զգուշացրել ենք խոչընդոտներ չստեղծել մյուս փոխադրամիջոցների համար։ Այո, ունենք ոստիկանապետի հանձնարարականը նման դեպքերում միջամտել եւ օրենքով սահմանված կարգով խախտողներին ենթարկել վարչական պատասխանատվության»,- ասաց Մարգարյանը։