Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հրամանով Ճանապարհային ոստիկանությունը 2010 թվականի դեկտեմբերի 10-ից անցել է ուժեղացված ծառայության, որը կտեւի մինչեւ հունվարի 10-ը։ Դեկտեմբերի 29-ին լրագրողներ հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց Ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանը։

«Ուժեղացված ծառայությունը կշարունակվի մինչեւ 2011 թվականի հունվարի 10-ը։ Աշխատելու ենք, որ անցած տարվա հունվարի 1-ի ցավալի դեպքերը չկրկնվեն։ Ոչ ոքի տոնական օրերին չենք զիջելու։ 2010 թվականի հունվարի 1-ին գրանցվել է ճանապարհատրանսպորտային 12 դեպք՝ 3 զոհով եւ 19 վիրավորներով։ Ես էդ 3 զոհի մորն ի՞նչ պատասխանեմ։ Թույլ տանք, որ հարբած մեքենա՞ վարեն, որ անմեղ մարդկանց վրաերթի՞ ենթարկեն։ Կանոնները խախտած յուրաքանչյուր վարորդ, հատկապես հարբածները պատժվելու են։ Այդ մարդիկ թող բարի լինեն տոնը շարունակեն, քեֆ անեն, հետո էլ նստեն տաքսի։ Այնպես որ,ոչ մի զիջում չի լինելու։ Ինչո՞ւ են համ իրենց, համ այլ քաղաքացիների Նոր տարիները հարամում»,- շեշտեց Օհանյանը:

Անդրադառնալով 2010-ին հանրապետության ողջ տարածքում կատարված ճանապարհատրանսպորտային խախտումների թվերին՝ ՃՈ ոստիկանապետը նշեց. «2009 թվականին ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու համար ՀՀ տարածքում կազմվել է 672 հազար 970 արձանագրություն, իսկ 2010-ին՝ 725 հազար 700 արձանագրություն՝ մոտ 55 հազարով ավելի, քան նախորդ տարի։ Ամրագոտիներ չկապելու համար 2009 թվականին կազմվել է ավելի քան 44 հազար, իսկ 2010-ին՝ 111 հազար արձանագրություն։ Ինչ վերաբերում ղեկին հեռախոսով խոսելու եւ մեքենայի պատուհանից աղբ թափելու հարցերին, ապա 2010 թվականին կազմվել է համապատասխանաբար 58 հազար եւ 2150 արձանագրություն»,- տեղեկացրեց Օհանյանը։

Նրա խոսքով, արդեն 2011-ին փողոցներում կհայտնվեն երթեւեկությունը կանոնակարգող արագաչափ եւ նկարահանող սարքեր։

Ամփոփելով՝ Մարգար Օհանյանը շնորհավորեց բոլորի գալիք Նոր տարին՝ մաղթելով կանաչ լույս, առողջություն եւ հաջողություն։ «Մաղթում եմ, որ սիրենք Երեւանը, սիրենք երթեւեկության խախտումներ չկատարող քաղաքացիներին։ Ինչ վերաբերում է Ձմեռ պապիկին, կցանկանայի, որ թոռնիկներիս առողջություն բերեր, հետո էլ Ձմեռ պապիկն իրոք Ձմեռ պապիկի նման լիներ»։