1988թ. աղետալի երկրաշարժի հետեւանքով բնակարան կորցրած 43 ընտանիքներ դեկտեմբերի 29-ին Ստեփանավանի քաղաքապետարանում վարչապետ Տիգրան Սարգսյանից ստացել են իրենց նոր բնակարանների հավաստագրերը։ Նրանց 1, 2, 3 եւ 4-սենյականոց բնակարաններ են հատկացվել Ստեփանավանի Ձախափնյա թաղամասի նորակառույց բազմաբնակարան շենքերում։

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետ Սարգսյանը նշել է, որ նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրային դրույթները աղետի գոտու մասով հաջողությամբ է իրականացվում։ «Նախընտրական ծրագիրը` աղետի գոտու բոլոր անօթեւաններին ապահովել բնակարաններով, հաջողությամբ է իրականացվում։ Չնայած համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցությանը, մենք շարունակեցինք բնակարանաշինությունը, եւ արեցինք հնարավորինս առավելագույնը ժամանակին բնակարանները բնակիչներին տրամադրելու համար»,- շեշտել է կառավարության ղեկավարը` ավելացնելով, որ բնակարան ստացողների ցուցակները ճշտված են, եւ նախանշված ժամանակահատվածում պետությունը բոլորի նկատմամբ կկատարի իր կողմից ստանձնած պարտականությունները։

Բնակարանամուտին վարչապետը երկու ընտանիքների նվիրել է համակարգիչ, իսկ երկու այլ ընտանիքների՝ հեռուստացույց։

Բազմաբնակարան այդ շենքերը երկրաշարժից հետո սկսել էին կառուցել ռուս շինարարները, սակայն շինարարությունը կիսատ էր մնացել։ 2009թ. նոյեմբերին համայնքային սեփականություն հանդիսացող այս կիսակառույց շենքերը հատկացվեցին պետությանը, եւ պետբյուջեի միջոցներով շարունակվեցին կիսակառույցների ամրացման եւ շինարարական հետագա աշխատանքները։

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Ստեփանավանի Վահան Թեքեյանի թիվ 6 միջնակարգ դպրոց, որտեղ «Լինսի»-ի հիմնադրամի միջոցներով կառուցվում է նոր մասնաշենք՝ մարզադահլիճով եւ հանդիսությունների սրահով։ Վարչապետը տեղում ծանոթացել է շինարարական աշխատանքների ընթացքին։