ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանն ամփոփել է 2010 թվականը: Որպես տարվա կարեւոր մարզական ձեռքբերումներ նախարարն առանձնացրել է պատանի շախմատիստների հաղթանակը համաշխարհային Օլիմպիադայում, ծանրամարտիկ Տիգրան Մարտիրոսյանի կողմից աշխարհի չեմպիոնի տիղոսի նվաճումը:
Տարեսկզբին նախանշվել էին չորս գերակա խնդիրներ: Դրանցից առաջինը օգոստոսի 14-ից 21-ը Սինգապուրում համաշխարհային պատանեկան օլիմպիական խաղերին Հայաստանի մարզիկների մասնակցությունն էր:
Առաջին պատանեկան օլիմպիական խաղերին Հայաստանը ներկայացավ 14 մասնակցով` ծանրամարտ, ձյուդո, սպորտային մարմնամարզություն, բռնցքամարտ, ըմբշամարտ, նետաձգություն, հրաձգություն, լող, աթլետիկա եւ թիավարություն մարզաձեւերում: Մեր մարզիկներն այս ստուգատեսում նվաճեցին 1 արծաթե եւ 3 բրոնզե մեդալներ: Սինգապուրի պատանեկան օլիմպիական խաղերում, համաշխարհային ուսանողական խաղերում, շախմատի պատանեկան օլիմպիադայում, Եվրոպայի եւ աշխարհի տարբեր տարիքային խմբերի առաջնություններում Հայաստանի մարզիկները նվաճել են 43 ոսկե , 51 արծաթե և 63 բրոնզե մեդալներ` ընդհանուր 157 մեդալ:
Նախարարն անդրադարձել է նաեւ մյուս 3 գերակա ուղղություններին, որոնք վերաբերում են երիտասարդության ոլորտին. երիտասարդների համար բնակարանային շինարարության ծրագրերի իրականացում, Հայաստանի եւ սփյուռքի երիտասարդության միջեւ կապերի ու համագործակցության ամրապնդում, երիտասարդներին առնչվող խնդիրներին ուղղված քաղաքականության մշակման եւ իրականացման գործընթացներում երիտասարդների եւ երիտասարդական հասարակական կազմակերպությունների մասնակցության ապահովման մեխանիզմների զարգացում: Բոլոր երեք ուղղություններով էլ կատարվել են շոշափելի աշխատանքներ:
2010 թվականին Հայաստանում բազմաթիվ միջազգային մրցաշարեր ու սեմինարներ են անցկացվել: Հանրապետության մարզերում եւ ԼՂՀ-ում 7 մարզաձեւերից անցկացվել է հանրապետական մարզական փառատոն: Դրական արդյունքներ է տալիս նաեւ Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի հետ արդյունավետ համագործակցությունը: Ամփոփելով 2010 թվականը` նախարարը ընդգծել է, որ այն ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության համար եղել է բեղուն աշխատանքի, ծրագրերի իրագործման եւ առաջիկա անելիքների նախանշման ժամանակահատված, հաղորդում է նախարարության մամուլի ծառայությունը:





























